Ոսպուբրնձով հեռավար ուսուցում չես կարող ապահովել. անապահով ընտանիքների երեխաները զրկված են դասապրոցեսներում ներգրավվելու հնարավորությունից

Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրության պայմաններում, երբ ուսումնական հաստատությունները փակելու որոշում է կայացվել, դպրոցական ծրագրերից հետ չմնալու նպատակով քանի օր է դասընթացներն իրականացվում են տնային պայմաններում՝ առցանց հնարավորություններով: Ճիշտ է, արտակարգ դրությամբ պայմանավորված, շտապողականության պատճառով առայժմ այդ գործընթացը համակարգված չէ, և տարբեր դպրոցներում խնդրին յուրովի են վերաբերում և սեփական լուծումներով փորձում դասերը կազմակերպել: Օրինակ, որոշ դպրոցներում դասապրոցեսն իրականացվում է տեսակապի միջոցով, որը թերևս ամենաարդյունավետն է, իսկ մի շարք դպրոցներում էլ տարբեր հավելվածների միջոցով խմբային նամակներ գրելու հնարավորությամբ ուսուցիչները աշակերտներին տնային հանձնարարություններ են տալիս. այս դեպքում արդեն նոր դասը բացատրելու պարտականությունը մնում է ծնողների ուսերին, որոնք էլ շատ դեպքերում կամ ի վիճակի չեն լինում մտավոր կարողություններից ելնելով, կամ պարզապես դրա ժամանակը չունեն: Արդյունքում ոնենում ենք կիսատ-պռատ կյանքի կոչվող ծրագիր, որի արդյունավետությունը դեռ գնահատականի կարիք ունի:

Բայց միայն սա չէ հեռավար դասընթացների խնդիրը: Պարզվում է՝ սոցիալապես անապահով, նպաստառու ընտանիքներում այդ դասընթացներին մասնակցելու հնարավորությունները սուղ են կամ ընդհանրապես չկան, քանի որ ընտանիքում համապատասխան և կամ համապատասխան թվով սարքեր գոյություն չունեն, որոնց միջոցով դպրոցահասակ երեխաները կկարողանան առցանց դասընթացների մասնակից լինել կամ թեկուզ համապատասխան հավելվածներով հանձնարարություններ ստանալ:

LIVEnews.am-ի թղթակիցը երեկվանից զրուցել է այդպիսի երկու ընտանիքների ծնողների հետ՝ համոզվելով, որ նրանց թիվը բավականին մեծ է, պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ծնողները այդ մասին չեն բարձրաձայնում: Կամ չգիտեն ում դիմել, տեղյակ չեն, թե նման դեպքերոմ ինչ քայլեր պետք է արվեն, անօգնական են ու անորոշ վիճակում, իսկ դպրոցում չեն շտապում նրանց խորհուրդներով օգնել:

Ռուզաննա Կոստանյանը երկու դպրոցահասակ տղա ունի՝ Բադեյաններ Վահեն և Սմբատը: Նրանք հաճախում են Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկի թիվ 12 դպրոց: Ավագը սովորում է տասներորդ դասարանում, կրտսերը՝ ութերորդ: Մայրն անհագստացած է՝ այս օրերին դպրոցից որևէ մեկը չի հետաքրքրվել՝ իր տղաներն ի վիճակի՞ են մասնակցելու հեռավար ուսուցման գործընթացին, թե ոչ: Ավելին, ըստ ծնողի՝ դպրոցում արդեն մեկնարկել են հեռավար դասընթացները, իր տղաները չեն մասնակցում դրանց, բայց ընկերներից են տեղեկանում, որ ուսուցիչները  հանձնարարություններ են տալիս, իսկ որևէ ուսուցիչ, անգամ իրենց դասղեկները կամ դպրոցի տնօրենը չի փորձել Ռուզաննայի հետ կապ հաստատել, ճշտել, թե ինչու են Վահեն ու Սմբատը բացակայոմ առցանց դասերից, հարկ եղած դեպքում խորհուրդներով օգնել կամ խնդիրների մասին բարձրաձայնել համապատասխան կառույցների պատասխանատուներին:

«Երբ լսեցի հեռավար ուսուցման մասին, մտածեցի, որ դրա համար համակարգիչ, պլանշետ կամ համապատասխան հզորությամբ հեռախոս անհրաժեշտ կլինի, իսկ մենք չունենք գոնե մեկը: Միայն իմ հեռախոսն է, որը անորակ է, ջարդոտված և դրանով հնարավոր չէ համացանցից օգտվել, ինչ-որ բան ներբեռնել: Դա մտահոգեց ինձ, բայց երեխաներիս դպրոցից այդպես էլ չկապվեցին ինձ հետ, որպեսզի իմ մտահոգությունը հայտնեմ, և միասին որևէ լուծում գտնենք: Մենք այժմ տանից դուրս չենք գալիս, քանի որ բնակվում ենք Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում՝ Էջմիածնի հարևանությամբ և մտածում ենք, որ վտանգավոր է տանից դուրս գալը: Այդ պատճառով չեմ կարող գնալ դպրոց և հասկանալ, թե ինչն է նման անպատասխանատու վարքի պատճառը: Տղայիս ընկերն ասաց, որ ուսուցիչները վայբերով հանձնարարություններ են տալիս, նաև տեղեկացնում, թե ինչպես պետք է տեսակապ հաստատեն, բայց փաստորեն հետևողական չեն, թե ով է ներգրավվում դրանում, չեն հետաաքրքրվում բացականերով: Որևէ մեկը մեզ չի տեղեկացրել, թե ինչ պետք է անենք, ինչպես պետք է ներգրավվենք ծրագրում, ինչ հավելվածների միջոցով: Անտեղյակության մեջ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ռուզաննան:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու ինքը չի զանգահարում դպրոց կամ տղաների դասղեկներին և պահանջում, որպեսզի իր տղաներին չզրկեն կրթություն ստանալու իրավունքից: Մայրն ընդունեց նաև իր մեղավորությունը, թեև ասաց, որ նաև մանկահասակ դուստր ունի և նրա խնամքով է զբաղվում: Ասաց նաև՝ երբ դպրոցում տղաներից դժգոհելու պատճառ են ունենում, միանգամից զանգահարում են իրեն, իսկ այս դեպքում անտեսված են:

«Դպրոցում ուսուցիչները գիտեն, որ նաև փոքր երեխայի խնամքով եմ զբաղվում, ապրուստի հոգսը շատ է, հոգսաշատ եմ, բայց այս դեպքում դա հաշվի չեն առնում փաստորեն: Երեխաներն իրենց անտեսված են զգում, խուճապի մեջ են, եթե հետ մնան դպրոցական ծրագրերից, ինչպե՞ս են լրացնելու այդ բացը: Այն դեպքում, երբ վատ առաջադիմություն չունեն, երկուսն էլ շատ են սիրում պամություն և լավ սովորում են հատկապես այդ առարկան և հիմա նման վերաբերմունքը տարակուսելի է ինձ համար»,- հավելեց Ռուզաննա Կոստանյանը:

Երեխաների մայրը նպաստառու է, նաև երեխայի խնամքի թոշակ է ստանում, փոքր աղջիկը մեկուկես տարեկան է: Բայց ասում է, որ այդ գումարը, որը մոտ 140 հազար դրամ է, չի բավականացնում չորս անդամ ունեցող ընտանիքի ապրուստը, կարիքները հոգալուն: Ուր մնաց հատուկ սարքեր ձեռք բերեն՝ երկու դպրոցահասակ երեխաների հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Եվ տիկին Ռուզաննայի համոզմամբ, սա միայն իրենց խնդիրը չէ, իրենց նման շատ կարիքավոր ընտանիքներ կան, որոնք դուրս են մնացել ԿԳՄՍ և թերևս սոցիալական հարցերի նախարարության ուշադրությունից այս ծրագրի իրականացման հարցում: Զրույցի վերջում նա հավելեց՝ երբ օգնության խնդրանքով դիմում ենք սոցիալական հարցերի նախարարություն, մեզ ոսպ և բրինձ են առաջարկում, բայց արդյո՞ք մեր խնդիրը ոսպի ու բրնձի անհասանելիությունն է: Այս դեպքում, օրինակ, դրանք հարցի լուծո՞ւմ են:

Մեկ ուրիշ մայր՝ տիկին Գայանեն, չի դժգոհում երեխաների դպրոցի անձնակազմի վերաբերմունքից, ասում է, որ տնօրենն ուշադիր է, հետաքրքրվում է երեխաներով, նրանց կրթությամբ, սակայն իր ենթադրությամբ՝ դպրոցում նույնպես չգիտեն, թե ինչպես կարող են անապահով ընտանիքների երեխաներին ներգրավել հեռավար ուսուցման ծրագրում, ինչո՞վ կարող են օգտակար լինել: Գայանեի երեք երեխաներն էլ դպրոցահասակ են և հաճախում են Երևանի թիվ 152 դպրոց: Ավագ որդին՝ Մարտիկը, իններորդ դասարան է, միջնեկը՝ Գուլյան, հինգերորդ, իսկ կրտսերը՝ Սրբուհին, երկրորդ: Ըստ նրանց մայրիկի՝ դպրոցում դասաժամերը միաժամանակ են կազմակերպվում, ինչի պատճառով իրենց ունեցած մեկ հեռախոսը բավարար չէ բոլոր երեխաների հեռավար դասապրոցեսների համար: Իսկ եղածով էլ դեռ չեն կարողանում օգտվել հեռավար դասընթացների համար գործող հատուկ հավելվածից: Այսինքն՝ ծնողներին տեխնիկական օգնություն ու խորհրդատվություն մատուցելու անհրաժեշտություն ևս կա: Իսկ այս ընտանիքին դեռ երկու գաջեթ էլ հարկավոր է, որպեսզի երեքն էլ հետ չմնան բնականոն դասապրոցեսից: Առավել ևս Մարտիկին, որն այս տարի պետք է ավարտական քննությունների պատրաստվի: Մայրը հույս ունի, որ թեկուզ ժամանակավոր, իրենց այդ սարքերը կտրամադրեն, այլապես առաջիկա մեկ ամսում երեխաներն զգալիորեն հետ կմնան դպրոցական ծրագրերից:

Մենք կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍ նախարարության հետ՝ խնդիրը նրանց ներկայացնելու մտահոգությամբ: Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ իրենք ևս թեժ գծով ահազանգեր ստանում, որոնց մեջ նաև նման խնդիրներ են ներկայացվում: Նախարարությունից տեղեկացրին, որ դրանց անդրադարձ կարվի: Խնդիրները տարբեր են՝ մեկը բողոքում է ինտերնետի որակից, մյուսը ժամանակակից սարքավորումների քանակից, որոնք ավելի քիչ են, քան դպրոցահասակ երեխաների թիվն ընտանիքում, իսկ նորերը գնելու հնարավորություն չկա: Ըստ նախարարության ներկայացուցչի՝  քանի որ հեռավար ուսուցման ծրագիրը մեկնարկեց շատ արագ, առանց նախապատրաստվելու՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, նման խնդիրնեը սպասելի էին: Նախարարը հայտնել է, որ սա պիլոտային ծրագիր է, և դեռ վերջնական որոշում չկա, որ այն փոխարինելու է իրական ժամանակում անցկացվող դասերին և նախարարությունում հաշվի են առնելու, որ երեխայի կրթության իրավունքը չպետք է տուժի երկրում հաստատված դրության պատճառով: Հետևաբար եթե վերջում վերլուծություն արվի և պարզվի, որ որոշ խոցելի խմբեր դուրս են մնացել այդ ծրագրից, հետ ընկել ուսումնական գործընթացից և լիարժեք արդյունավետությամբ այն չի գործել, համապատասխան որոշում կկայացվի օրինակ դասերը մինչև հունիս շարունակելու մասին:

Ի դեպ, ակնհայտ է, որ մանկավարժները ևս պատրաստ չեն այս ծրագրին, մանավանդ միջին սերնդի ներկայացուցիչները, որոնք դժվարությամբ են օգտվում ժամանակակից սարքավորումներից: Շատերն անորոշության մեջ են, ի վերջո նաև ծանոթ չեն հեռավար ուսուցման մեխանիզմներին ու սկզբունքներին: Ուստի այս պահին ԿԳՄՍ նախարարությունը մանկավարժների համար հեռակա դասընթացի առցանց արագացված դասեր է նախատեսում: Նախարարությունից հույս հայտնեցին, որ հընթացս կլուծվեն նաև այլ խնդիրները: Մեզ խոստացան, որ նախարարին կհաղորդեն նաև մեր ներկայացրած դեպքերը ու բարձրացրած խնդիրները՝ ասելով, որ այն միայն ԿԳՄՍ նախարարության տիրույթում չէ, դա նաև սոցիալական խնդիր է, ճիշտ այնպես, ինչպես երբ երեխան զրկվում է  բնականոն դասապրոցեսից կոշիկի խնդրի պատճառով: Այս դեպքում նույնպես հարցին համալիր լուծում է հարկավոր:

Երբ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում մենք այս հարցը ներկայացրինք, տարբեր մեկնաբանություններից պարզ դարձավ, որ հատկապես Հայաստանի մարզերում ընտանիքներն այս առումով խոցելի են և կառավարության աջակցության կարիքն ունեն: Դատելով մեկնաբանություններից, մեզ գրված առանձին նամակներից՝ այս խնդիրը չի շրջանցել անապահով շատ ընտանիքների:

Թագուհի Ասլանյան