ԱՀ առողջապահության նախարարության թեժ գծին օրվա ընթացքում դիմում է ավելի քան 70 քաղաքացի

ԱՀ առողջության նախարարությունում 30 03 կարճ հեռախոսահամարով շուրջօրյա գործող թեժ գծին օրվա ընթացքում զանգում է ավելի քան 70 քաղաքացի։

Այս մասին «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, ասել է ԱՀ առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը։ Նրա խոսքով՝ բնակիչները թեժ գծին զանգահարում են բողոքների, գանգատների, առաջարկությունների, ինչպես նաև շտապ հարցերի դեպքում։

«Վերջին շրջանում քաղաքացիները մեծ մասամբ հետաքրքրվում և անհանգստանում են նոր կորոնավիրուսի տարածման, կանխարգելման, ինչպես նաև դիմակների և ախտահանիչ այլ պարագաների պակասի կամ թանկ գների հարցերով։ Կան քաղաքացիներ, ովքեր Ստեփանակերտի պոլիկլինիկայի 3303 կարճ հեռախոսահամարը շփոթվում են և կրկին դիմում 3003 թեժ գծին։ Մենք սիրով պատասխանում ենք բոլոր զանգերին և տալիս բավարար պատասխաններ»,- ավելացրել է Մ. Ազատյանը։

Խորհրդականը տեղեկացրել է, որ, կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ, ԱՀ առողջապահության նախարարությունը, ինչպես նաև համակարգի ենթակայության տակ գործող բոլոր բուժմիավորումները, համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, աշխատում են շուրջօրյա արտակարգ և խստացված ռեժիմով՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ՝ հնարավոր դեպքերը կանխարգելելու և թույլ չտալու վարակակիրների մուտքն Արցախի Հանրապետություն։

«Մեր աշխատակիցները պատրաստակամ են օգնելու յուրաքանչյուր քաղաքացու։ Մենք նույնիսկ գիշերային զանգերին ենք պատասխանում՝ առանց դժգոհելու։ Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլորին հետևել իրենց առողջությանը, խստագույնս պահպանել հիգիենայի կանոնները և հեռու մնալ ապատեղեկատվություններից, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում հանրության լայն շրջանակներում»,-ասել է Մ. Ազատյանը։