Որտե՞ղ են թույլատրելի քննադատության ու անթույլատրելի վիրավորանքի սահմանները

Փորձեմ ոչ իրավաբան ընթերցողների համար հնարավորինս հասկանալի բացատրել խնդիրը: Ով դեռ չի արել, պետք է մի անգամ անի՝ իր անունը մուտքագրի որոնողական մի ծրագրում, օրինակ՝ Google-ում, և տեսնի, թե համացանցն ինչ գիտի իր մասին: Միայն մոտավորապես կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում մարդը, երբ որոնողական ծրագիրը գտնում է գրառումներ, որոնք իր մասին սխալ փաստեր, վիրավորանքներ կամ խիստ մասնավոր տեղեկություններ են բովանդակում: Անվանարկման զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ մասնավոր անձը, ընկերությունը, հասարակական գործիչը: Զոհի համար շատ հարցեր են ծագում՝ որքա՞ն ընդարձակ կարող է լինել գրառման հեղինակի կարծիքի ազատության իրավունքը (ՀՀ Սահմ․ 42–րդ հոդ․ 1-ին մասի 1-ին նախ․), որտե՞ղ է զոհի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքն ավելի ծանրակշիռ (ՀՀ Սահմ․ 31-րդ հոդ․ 1-ին մասի 3-րդ տարբերակ), և որտե՞ղ է սկսվում օրենքի խախտումը: Ե՞րբ արժի դիմել դատարան վիրավորանքի կամ զրպարտության պատճառով: Ե՞րբ կարելի է համացանցում գրառումը հեռացնելու, հակառակ տեսակետը հրապարակելու և վնասի հատուցման պահանջ ներկայացնել: Եվ ո՞ւմ պետք է ուղղել այդ պահանջը՝ գրառման հեղինակի՞ն, կայքի իրավատիրո՞ջը, թե՞ երկուսին:

Համացանցում անընդունելի գրառման համար պատասխանատվության կանչված անձը միշտ վկայակոչում է իր կարծիքն ազատ արտահայտելու հիմնական իրավունքը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում այդ իրավունքը ձևակերպված է այսպես. ,Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքե: Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասը թույլատրում է սահմանափակել այդ իրավունքն օրենքի որակյալ վերապահման սկզբունքին համապատասխան, այն է՝ միայն օրենքով և շատ կոնկրետ նպատակներով, որոնց թվում բառացիորեն նշված է այլ անձանց պատվի ու բարի համբավի պաշտպանության նպատակը: Սահմանադրության բառացի տեքստն արդեն ցույց է տալիս, որ կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքը սահմաններ ունի: Բայց որտե՞ղ է թույլատրելի քննադատության և անթույլատրելի վարկաբեկման միջև սահմանը համացանցում: Որտե՞ղ է սկսվում անվանարկումը: Ե՞րբ է պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքն ավելի ուժեղ պաշտպանության արժանի, քան կարծիքի ազատությունը: ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԼ։ Օրինակ՝ անընդունելի խոսքը հրապարակային քննարկման ժամանակ կամ բոլորի համար մատչելի կայքում շատ ավելի ծանր է, քան միայն որոշակի մասնակիցների համար մատչելի առցանց խոսակցության մեջ:

Բացի այդ, պետք է տարբերել կարծիքի արտահայտումը փաստերի մասին պնդումներից: Փաստի մասին պնդումը նկարագրում է իրոք տեղի ունեցած կամ գոյություն ունեցող, ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ հանգամանքներ, հետևաբար այն կարող է ստուգվել իր ճշմարտացիության տեսանկյունից: Այն ճշմարիտ է կամ կեղծ: Հակառակը, կարծիքը զուտ անձնական գնահատական է: Այն կարող է լինել քաղաքական կամ ոչ քաղաքական, արժեքավոր կամ անարժեք, խելամիտ կամ ոչ խելամիտ, հիմնավորված կամ անհիմն: Կարելի է այն կիսել կամ ոչ, բայց հնարավոր չէ ապացուցել դրա ճշմարտացիությունը, որովհետև դրա ճշմարտացիությունը կամ անճշտությունը անձնական համոզմունքի հարց է:

Դրանց տարբերության մի օրինակ: Այն պնդումը, թե ,Վարդանուշ Վարդազարյանը (անունը լրիվ պայմանական է) սեռական կապի մեջ է իր գործընկերոջ հետե, փաստի մասին պնդում է: Իսկ արտահայտությունը, թե ,Վարդանուշ Վարդազարյանը հիմար անասուն էե, հակառակը, կարծիք է: Այսպիսով, կարծիքը փաստի մասին պնդումից սահմանազատելու վճռորոշ չափանիշն այն է, որ փաստերի մասին պնդումները ճշմարիտ կամ կեղծ են, իսկ գնահատականները, հակառակը, ոԲչ ճշմարիտ են, ոԲչ կեղծ: Զուտ փաստերի մասին պնդումները չեն պաշտպանվում կարծիքի ազատ արտահայտման իրավունքով, քանի որ դրանք զուրկ են որևէ գնահատողական տարրից: Օրինակ` Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասով պաշտպանության ենթակա չէ վիճակագրական տվյալների հրապարակումը:

Անձը պարտավոր չէ հանդուրժել իր մասին կեղծ փաստերի մասին պնդումները: Կարծիքի արտահայտման դեպքերը, հակառակը, մի քիչ ավելի ներողամիտ վերաբերմունքի են արժանի: Բայց դրանք չպետք է հատեն վիրավորանքի սահմանը (ինչպես վերը նշված օրինակում): Մյուս կողմից՝ ամեն մի ճշմարիտ փաստ չէ, որ կարելի է հրապարակել համացանցում: Եթե օրինակ անձի ինտիմ կյանքի վերաբերյալ մանրամասներ են տարածվում համացանցում, ապա դա նույնպես կարող է անթույլատրելի լինել: Բացի այդ, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտումը կարող է վնասի հատուցման պահանջի հիմք լինել՝ հօգուտ վիրավորված անձի:

Կրկին մի օրինակ: Վարդանուշ Վարդազարյանը քարտուղարուհի է մի ընկերությունում, ամուսնացած է և ունի երեք երեխա: Անգամ եթե նա իրոք իր ամուսնուն դավաճանում է գործընկերներից մեկի հետ, չի կարելի այդ փաստը հրապարակային քննարկել համացանցում՝ նրա անունը նշելով: Այդ մասին հրապարակելու շահն այնքան մեծ կարևորություն չունի, որ արդարացնի նրա պատվին ու բարի համբավին սպառնացող վնասը:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՈրտե՞ղ է թույլատրելի քննադատության ու անթույլատրելի վիրավորանքի սահմանը։Փորձեմ ոչ…

Опубликовано Gor Hovhannisyan Пятница, 20 марта 2020 г.