Այսօր Ապրիլյան քառօրյայի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 29 տարեկան։ Հրաչ Գալստյանը ծնվել է 1991 թվականին, Գյումրի քաղաքում: 1997-2007 թթ. սովորել է Գյումրու №42 միջնակարգ դպրոցում։ 2007-2011 թթ. սովորել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ 2012 թ. Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։ 2013 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 2014-2015 թթ. զբաղեցրել է վաշտի հրամանատարի պաշտոնը։ 2015 թ.-ից զբաղեցրել է  դասակի հրամանատարի պաշտոնը։

2016 թվականի ապրիլին Հրաչ Գալստյանը մասնակցել է Թալիշի ուղղությամբ մարտական գործողություններին: Զոհվել է ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը՝ Թալիշում հակառակորդի հատուկ գրոհայինների հետ մարտնչելիս: Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին, ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը:

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով: