Տեղական արտադրության և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գնաճ չի իրականացվել. Միքայել Վիրաբյան

Մարտի 16-ից ԱՀ Հանրային ծառայություննեը և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով դիտարկումներ է իրականացնում Ստեփանակերտ քաղաքում գործող 30 առևտրային օբյեկտներում՝ առավել սպառման 80 ապրանքատեսակների իրացվող գները և առկա պաշարները դիտարկելու նպատակով:

Այս մասին նախօրեին կայացած կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ դիտարկումների արդյունքում որոշ խանութներում արձանագրվել է գների աճ 5 ապրանքատեսակներում՝ ոսպ, հնդկաձավար, բրնձի տեսակներ, ներմուծվող ձեթեր և շաքարավազ:

«Գնաճը վերաբերում է բացառապես ներմուծվող ապրանքատեսակներին: Պետք է նշեմ, որ տեղական արտադրության և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների աճ չի իրականացվել: Առևտրային օբյեկտներում առանձին ապրանքների պակասուրդ այս պահին չի նկատվում, բացառությամբ օրվա ծավալի սպառման հետ կապված դեֆիցիտային երևակայումների: Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա, քանի որ ապրանքատեսակների պակասուրդ չունենք: Վերջին մի քանի օրերի խուճապային մեծաքանակ գնումների արդյունքում մեր տնտեսվարող սուբյեկտները իրենց առևտրային օբյեկտներում և ցանցերում կարողացել են ապահովել ապրանքատեսականին»,- մանրամասնել է Մ. Վիրաբյանը: