Արցախի հսկիչ սահմանային կետերում իրականացվում են համալիր միջոցառումներ

Մարտի 14-ից սկսած՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում Աղավնո ու Խարխափուտ հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից սկսած՝ նման միջոցառումներ են իրականացվում նաև Խնձորեսկ և Կապան-Կովսական սահմանային հսկիչ կետերում:նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակագրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ բոլոր հսկիչ կետերն ապահովված են հակահամաճարակային միջոցառումներ իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով:

Պետական նախարարի խոսքով՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը և, դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով, ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումներ:

Անդրադառնալով հսկիչ կետերում ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ասել է, որ  դեռևս ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվելուց հետո հանձնարարվել էր Արցախի տարածք մուտք գործող անձանց հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:

Լ. Մնացականյանը հավաստիացրել է, որ ոստիկանությունն ի զորու է և պատրաստակամ՝ կատարելու վարակի ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման ուղղված աշխատանքները:

Անդրադառնալով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող համալիր միջոցառումներին՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն ասել է, որ թե՛ կենտրոնական ենթակայության, և թե՛ տարածքային ստորաբաժանումներում հերթապահությունն իրականացվում է հավուր պատշաճի:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ լրացուցիչ արագ արձագանքման ստորաբաժանման կողմից հսկիչ անձնագրային կետերում տեղակայվել են երկու օպերատիվ խմբեր, որոնք զինված են  համապատասխան սարքավորումներով և ախտահանիչ նյութերով:

«Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքեր արձանագրվելու դեպքում իրականացվում է ավտոմեքենաների ախտահանում, և կասկածելի վարակակիրները տեղափոխվում են մեկուսարաններ: ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպվում է նրանց վերադարձը ՀՀ կամ էլ մոտիկ բնակավայր»,- ավելացրել է ԱԻՊԾ տնօրենը: