Արցախում ուսումնական գործընթացը կդադարեցվի մինչև ապրիլի 14-ը

Նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստում որոշում է կայացվել մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը Արցախում դադարեցնել ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ներկայացնելով կրթական համակարգում իրականացվող միջոցառումները՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ այս փուլում իրենց կողմից քայլեր են ձեռնարկվում ուսուցման այլընտրանքային ձևեր և մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ:

«Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցումը մի կողմից ունեցել է կանխարգելիչ դերակատարություն, մյուս կողմից, բնականաբար, խաթարվել է ուսումնական գործընթացի բնականոն հունը, և այսօր կանգնած ենք մենք այդ բացը լրացնելու խնդրի առաջ: Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և այսօր տարբեր պետություններում փորձեր են իրականացվում հեռավար ուսուցման համակարգը ներդնելու ուղղությամբ: Հայկական համացանցային ռեսուրսներում ունենք բազմաթիվ հարթակներ, սակայն ասել, որ հեռավար ուսուցումը ամբողջությամբ փոխարինելու է մեր ուսումնական ծրագրի ավանդական ձևին, չենք կարող, քանի որ չկա միասնական տեղեկատվական կրթական համակարգ: Մյուս կողմից հեռավար ուսուցման իրականացման համար կան մի շարք խոչընդոտներ, մասնավորաես՝ որակյալ ինտերնետ կապի և հասանելիության բացակայությունըզզ»,- մանրամասնել է Ն. Աղաբալյանը:

ԿԳՍ նախարարի խոսքով՝ ինտերնետ հասանելիության որակի հետ կապված բանակցություններ են տարվում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հետ:

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր շատ ուսուցիչներ ու ծնողներ մեծ պատասխատավությամբ և ըմբռնումով են վերաբերվել ստեղծված իրավիճակին և ինքնուրույն համացանցային հարթակներում նախաձեռնել են ուսուցման կազմակերպման գործընթացը: Սա շատ մեծ փորձություն է, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր փորձառություն՝ գործարկելու բոլոր այն գոյություն ունեցող հարթակները, որոնք առկա են հեռավար կրթության կազմակերպման համար»,- ասել է Ն. Աղաբալյանը: