Արյան ամենախոցելի խումբը՝ կորոնավիրուսով վարակվելու համար. գիտնականների բացահայտումը

Ավելի քան 2 հազար հիվանդի նմուշառության հետազոտությամբ չինացի գիտնականները պարզել են, որ արյան II-րդ խումբ ունեցող մարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսով վարակվելու համար, քան արյան այլ խմբերի ներկայացուցիչները: Իսկ արյան I-ին  խմբի ներկայացուցիչների վարակման հավանականությունը ամենացածրն է: Մասնագետներն իրենց հետազոտությունները հրապարակել են medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:

«Մենք առաջին անգամ բացահայտել ենք արյան խմբի և SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելու ռիսկի միջև կապը: Մասնավորապես, արյան երկրորդ խումբը (A) մեծացնում է վիրուսով վարակվելու ռիսկը, մինչդեռ առաջին խմբի (O) ներկայացուցիչները դրանից ավելի հազվադեպ են տառապում: Եթե մեր տվյալները հաստատվեն, ապա վիրուսի այս հատկությունները պետք է հաշվի առնվեն բժշկական պրակտիկայում»,- գրում են հետազոտողները:

Ուհանի համալսարանի (Չինաստան) բժիշկներն ու կենսաբանները և Շենժենի (Չինաստան) Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանի նրանց գործընկերները ուսումնասիրել են, թե վարակի համար կա՞ն արդյոք ռիսկի այլ գործոններ, բացի տարիքից, թոքերի վնասումից, խրոնիկ հիվանդություններից և թույլ իմունիտետից:

Նրանք ուշադրություն են դարձրել, որ շատ վիրուսներ, այդ թվում` հեպատիտ B-ն, Նորֆոլկի վիրուսը և մի շարք այլ պաթոգեններ, շատ ավելի հաճախ են «հարձակվում» արյան չորրորդ խմբին (АВ) պատկանող մարդկանց վրա, քան մյուսների: Իսկ ատիպիկ թոքաբորբի (SARS) հարուցիչը հազվադեպ է ներթափանցում արյան առաջին խմբի (O) ներկայացուցիչների օրգանիզմ:

Ղեկավարվելով այս գաղափարով՝ հետազոտողները պարզել են, թե ինչ համամասնությամբ է արյան տարբեր խմբեր բաշխվում Ուհան քաղաքի բնակիչների շրջանում: Հետազոտելով գրեթե 4 հազար մարդու՝ պարզվել է, որ երրորդ մասը I-ին խումբն է, հաջորդ երրորդը`II-րդ, հետազոտվողների մեկ քառորդը` III-րդ, իսկ մնացած 9.1% -ը`IV-րդ:

Արյուն և վիրուս

Ուսումնասիրության երկրորդ մասում գիտնականները հետազոտել են նույն համամասնությամբ կորոնավիրուսով վարակված 1,7 հազար հիվանդի, (COVID-19) Ուհանի խոշոր հիվանդանոցում, որոնցից 200-ն արդեն մահացել են: Պարզվել է, որ  արյան II-րդ խմբին պատկանող հիվանդներն ավելի շատ են, քան առողջ մարդիկ՝ 37,8% ՝ ընդդեմ 32.2% -ի: Իսկ ահա I խմբի ներկայացուցիչների շրջանում պատկերը հակառակն էր. Հիվանդներն ավելի քիչ էին՝ 25,8%, իսկ առողջ մարդիկ՝ 33.8%:

Այսպիսով, արյան առաջին խումբ ունեցողների շրջանում հիվանդների թիվն շատ ավելի քիչ է, քան երկրորդ խումբ ունեցողների: III և IV խմբերի համար տոկոսները մնացին համադրելի:

Այս հարաբերակցությունը ստուգելու համար գիտնականները նաև հետազոտել են Ուհանի և Շենժենի ևս երկու հիվանդանոցների 398 հիվանդների մասին տեղեկությունները: Վարկածը հաստատվեց. արյան II-րդ խմբի մարդիկ ավելի հաճախ են հանդիպում կորոնավիրուսով վարակվածների շրջանում, քան արյան այլ խմբերի ներկայացուցիչները:

Թե ինչու է արյան երկրորդ խմբի ներկայացուցիչները  առավել խոցելի վիրուսային հարձակմանը, բժիշկները դեռ չեն կարող ասել: Հետազոտողները հույս ունեն, որ Ուհանում և Չինաստանի այլ քաղաքներում համաճարակի պիկի ժամանակ  հավաքված տվյալների հետագա վերլուծությունը կօգնի նրանց գտնել այս հարցի պատասխանը:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը