Փաշինյանը գոնե հիմա հասկացե՞լ է, թե նոր կորոնավիրուսն ում գամփռն է…

Մարտի 1-ին, երբ պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-2019)  առաջին դեպքի մասին, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը «դուխով» հայտարարեց` «Կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»: «Վարչապետ» կոչվածը գոնե հիմա հասկացե՞լ է, թե նոր կորոնավիրուսն ում շունը, ավելի ճիշտ, գամփռն է… Որ իրեն դիմենք, հարցնենք, երևի էլի «կրուտիտ» անի, ասի` չէ, չեմ հասկացել, Չինաստանն ասում է` ԱՄՆ-ի շունն է, Ամերիկան ասում է` Չինաստանի շունն է, ես այստեղ` Հայաստանում, ի՞նչ իմանամ…

Նկատենք` շարունակելով իր հանցավոր անգործությունը, Փաշինյանը վերոնշյալ անհոգ և հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնող հայտարարությամբ հանդես եկավ, երբ նոր կորոնավիրուսն աշխարհի տասնյակ ու տասնյակ երկրներ արդեն խառնել էր իրար ու շարունակելով արագորեն տարածվել, միանգամայն իրական սպառնալիք էր դարձել մնացյալ այն բոլոր երկրների համար, որոնք ժամանակին ու բավարար կանխարգելիչ միջոցառումներ չէին ձեռնարկի:

«Վարչապետ» կոչվածը գոնե հիմա հասկացե՞լ է, թե նոր կորոնավիրուսը մեր կյանքում քանի պրոբլեմ է առաջացրել և նույնիսկ այն աստիճանի, որ իր գլխավորած կառավարությունը հարկադրված եղավ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել, գոնե հիմա հասկացե՞լ է առաջացած հիմնախնդիրների բարդությունը… Թե՞ կատարվածից Փաշինյանի համար միակ պրոբլեմն իր սիրելի «Այո»-ի քարոզարշավի դադարեցումն ու հանրաքվեի հետաձգումն է…

Քարոզարշավի ու հանրաքվեի, որոնք իր և իր քաղաքական թիմի համար մինչ արտակարգ դրությունը, գրեթե կենաց-մահու հարցի էր վերածել: Մինչդեռ, «Այո»-ի ծավալված քարոզարշավի և ոչ թե չեղարկված, այլ հետաձգված առաջիկա հանրաքվեի թաքնված, բայց իրական ու հիմնական նպատակը եղել ու մնում է Սահմանադրական դատարանը զավթելու (դատարանի բոլոր անդամների, բացառությամբ 2-ի, լիազորությունների դադարեցմանը, նրանց յուրայիններով փոխարինելուն հակասահմանադրական ճանապարհով հասնելու) միջոցով այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար ճանապարհ հարթելը:

Ի դեպ, Փաշինյանի սիրելի ու հովանավորած կադրը` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի հաստատումից 3 օր առաջ` փետրվարի 27-ին, հայտարարեց` «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը շատ հատուկ միջոցառում չէ՞, և եթե այդպիսին չէ, ապա ո՞րն է շատ հատուկ միջոցառումը…

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»:

Վերոնշյալի կապակցությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցրածը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»:

Հետաքրքիր է` քանի՞սն են հավատում Փաշինյանի վերոնշյալ հավաստմանը: Մեկ այլ հարց էլ է առաջանում` թոքաբորբ ունեցող անձը, որի մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն, ինչո՞ւ ավելի վաղ չի տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց…

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն այսօր  ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 11-ի ժամը 13:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է նոր կորոնավիրուսով վարակվածության 84 դեպք, նրանցից առողջացած է ընդամենը 1 հոգի:

Թեև 84-ն էլ սակավաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի համար արդեն իսկ մեծ թիվ է, բայց բացառված չէ, որ COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերը մինչև օրավերջ կամ վաղն ավելանան: Երեկ իր ֆեյսբուքյան լայվով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նույն օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացիներ:

Այսօր առավոտյան Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով ասաց, որ այս պահին 444 մարդ մեկուսացված են և 799 մարդու հորդորել են տանն ինքնամեկուսացվել։ Այսինքն` եթե ինքնամեկուսացվածները վարակված են COVID-2019-ով, տանեցիներին վարակե՞ն… Դժվա՞ր է պատկերացնել, թե ինչ կարող է լինել այդ դեպքում վարակի հետագա տարածման առումով, ինչպես նաև մահվան հնարավոր դեպքերի առումով, եթե ինքնամեկուսացվածների ընտանիքի անդամների թվում կան ռիսկային տարիքային խմբում (50-ից բարձր և, հատկապես, էլ ավելի ռիսկային` 70-ից բարձր) գտնվողներ կամ քրոնիկ հիվանդություն ունեցողներ: Բացի այդ, ինչպես արդեն նշել ենք, չկա որևէ երաշխիք, որ վերոնշյալ 799 հոգին ականջալուր կլինեն ինքնամեկուսացման հորդորին ու 14 օր իսկապես անթերի` ինքնամեկուսացումն առանց թեկուզ մի քանի ժամ կամ րոպե խախտելու, կինքնամեկուսանան:

Փաշինյանի տեղեկացմամբ, COVID-2019-ով այսօր վարակվածության հաստատված 84 դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի դեպքերն են, ինչը նշանակում է, որ մնացած 16 դեպքերը ներքին վարակման այլ դեպքեր են: Հայտնի՞ է արդյոք, թե որտե՞ղ և ումի՞ց են վարակվել նրանք, և եթե հայտնի է, ինչո՞ւ չի տեղեկացվում…

Վարչապետի պաշտոնը զբաղեցրած Փաշինյանի և առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Թորոսյանի հանցավոր անգործության հետևանքով յուրաքանչյուրիս և Հայաստանին արդեն իսկ պատճառված վնասը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն ինչ-որ պրոբլեմնե՞ր են, թե ոչ…

Գալու է վերոնշյալ հայտարարությունների համար պատասխան տալու ժամանակը, անկասկած գալու է:

Արթուր Հովհաննիսյան