Ինչպես Իշգլ լեռնադահուկային հանգստավայրը դարձավ Եվրոպայում կորոնավիրուսի «բուծարան»

Թվում է, որ լեռնադահուկային հանգստավայրը բավականին անվտանգ է կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ: Բարձր լեռներում սպորտով զբաղվող երիտասարդներն ամբողջ օրն անցկացնում են մաքուր օդում՝ սահուղու վրա ակամա միմյանց միջև պահելով որոշակի հեռավորություն: Այդպես էլ կա, եթե չլինի հանգստի այս սիրված տեսակի մի բնորոշ առանձնահատկություն. «հետդահուկային» խրախճանքները: Այլ կերպ ասած, ցերեկային դահուկավազքին հետևում են գիշերային գինարբուքները բարերում, դիսկոտեկներում, ռեստորաններում:

«Հետդահուկային» խրախճանքները Իշգլում և դրանց հետևանքները

Ալպերի զվարճանքի ամենահայտնի վայրերից է ավստրիական Իշգլ հանգստավայրը: Եվ հենց Տիրոլի դաշնային նահանգում գտնվող այս քաղաքը, որը հայտնի է հատկապես գերմանացի, սկանդինավյան երկրների և ռուս դահուկային հանգստի սիրահարների շրջանում, փետրվարի վերջին-մարտի սկզբին ամբողջ Եվրոպայում դարձավ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման շատ մեծ օջախ:

Այդ մասին են վկայում տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում լրատվամիջոցների հրապարակումները: Նրանցից շատերը «բուծարան» որակումն են տալիս: Նրանք շատ ուսանելի պատմություն են ներկայացնում համաճարակի ընթացքում մարդկանց անփութության և իշխանությունների սխալների մասին:

Պատմությունն սկսենք իսլանդական «Icelandair» ավիաընկերության ինքնաթիռից, որը փետրվարի 29-ին Մյունխենից ժամանել էր Ռեյկյավիկ: Այդ ժամանակ Իտալիան համարվում էր եվրոպական մայրցամաքում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախ, իսկ այս երկրից վերադարձած իսլանդացուց կատարված նմուշառումը մարտի 1-ին պարզվեց՝ դրական է:

 Զբոսաշրջային խմբերը վարակը բերում են Սկանդինավիա

Մյուս ուղևորների հետագա ստուգումների ընթացքում վիրուսը հայտնաբերվում է նաև լեռնադահուկորդ զբոսաշրջիկների 14 հոգանոց խմբի մի քանի անդամների շրջանում, որոնք այցելել էին Իշգլ: Դրանից հետո, մարտի 5-ի առավոտյան Իսլանդիայի իշխանությունները Տիրոլի հանգստավայրն ընդգրկում են ռիսկի գոտիների ցանկում։ Եվ այն չինական Ուհանի և Իրանի հետ հայտնվում է միևնույն հորիզոնականում:

«Ավստրիայի իշխանությունները արագ և ճակատագրական սխալ պատասխան են տալիս»,- գրում է t-online գերմանական տեղեկատվական պորտալը՝ մեջբերելով տարածաշրջանային առողջապահության ծառայության ղեկավարի հայտարարությունը, թե «բժշկական տեսանկյունից քիչ հավանական է, որ Տիրոլում վարակ տարածվի»: Պաշտոնյան կարծիքով՝ լեռնադահուկորդները ախտահարվել են ինքնաթիռում՝ Իտալիայում վարակված ուղևորից:

Նորվեգիայի իշխանություններն այլ կերպ են արձագանքում: Մարտի 7-ին Իշգլում գտնվող տուրիստական խմբին նրանք հրավիրում են թեստավորման, և մի քանի նմուշ լինում է դրական: Հաջորդ օրը Նորվեգիայում հայտարարվում է, որ այդ պահին 1198 վարակված բնակիչներից 491-ը վարակվել է Ավստրիայում, որոնց մեծ մասը՝ Պացնաուն հովտի առողջարաններում, որոնցից մեկը Իշգլն է:

Կարանտին Տիրոլում. ուշացած միջոցառումնե՞ր

Այս հարաբերակցությունը, նշում է t-online- ը, պատկերացում է տալիս Գերմանիայի համար խնդրի հնարավոր չափերի մասին, քանի որ Ավստրիա այցելում են անհամեմատ ավելի շատ գերմանացի դահուկորդներ, քան նորվեգացի: Ըստ գերմանական Focus շաբաթաթերթի՝ մարտի 17-ին միայն Համբուրգում արդեն կային 80-ից ավելի մարդ, որոնց վարակի պատմությունը ինչ-որ կերպ կապված է Իշգլ լեռնադահուկային հանգստավայրի հետ, Դանիայում, ենթադրաբար, դրանք 100-ից ավելի են: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե այդպիսի քանի՞ լեռնադահուկորդ կա Ռուսաստանում:

Դանիան մարտի 9-ին հայտարարում է, որ Տիրոլը ռիսկային գոտի է, Գերմանիան՝ միայն մարտի 13-ին, այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային իշխանությունները որոշում են կայացնում Տիրոլում կարանտին սահմանել: Տվյալ պահին Ավստրիայում գրանցված կորոնավիրուսի վարակի մոտ 360 դեպքից ավելի քան 100-ը գտնվում էր այս դաշնային նահանգում, հիմնականում` Պացնաուն հովտում և Սանկտ-Անտոն-ամ- Արլբերգ առողջարանում:

«Շատ փաստեր կան, որ Իշգլը դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի գաղտնի օջախ, և որ Իշգլում կարանտինային միջոցառումները ձեռնարկվել են չափազանց ուշ»,- նշվում է Focus online առցանց պորտալի մեջ: «Բայց չէ՞ որ SARS-CoV-2 վիրուսով վարակվելու առաջին դեպքը այս հանգստավայրում գրանցվել է դեռևս մարտի 7-ին»,- նշում է t-online-ը,:

Վարակման աղբյուրը բարմենն է

Պարզվում է, Kitzloch բարի գերմանացի 36-ամյա բարմենի թեստը դրական է: Երկու օր անց՝ հետագա ստուգումների ընթացքում պարզվում է, որ ևս 15 մարդ է վարակվել, որոնց հետ նա շփվել է: Նույն օրը՝ մարտի 9-ին, այս և մի քանի այլ «խմելու» հաստատություններ փակվում են: Բայց հանգստավայրում ցերեկային դահուկասահքը և երեկոյան կյանքը շարունակվում է մինչև շաբաթվա վերջ:

«Ագահությունը հաղթեց քաղաքացիների և հյուրերի առողջության նկատմամբ պատասխանատվությանը»,– եզրակացնում է ավստրիական Der Standard թերթը: Թերթը գրել է, որ իշխանությունները ցանկանում էին մեկ շաբաթ էլ «գռփել» լեռնադահուկային սեզոնից՝ ի շահ տեղական բիզնեսի: Իշխանություններն իրենք խստորեն առարկում են՝ մատնացույց անելով սեզոնը վաղաժամկետ փակելու մասին որոշումը, որի պաշտոնական ավարտը նախանշված էր մայիսի 2-ին, ինչն էլ կանխել է 150 հազար նոր հյուրերի ժամանումը Տիրոլ:

Միևնույն ժամանակ, Der Spiegel շաբաթաթերթի ինտերնետային պորտալը մեջբերել է մարտի 17-ի հաղորդագրությունը, որի համաձայն, կորոնավիրուս է հայտնաբերվել մեկ այլ հանրաճանաչ տիրոլյան լեռնադահուկային առողջարանի՝ Սոլդենի բարմենի օրգանիզմում, իսկ հյուրանոցի 80 աշխատակիցները, որտեղ նա աշխատում է, մեկուսացվել են: Մինդեռ բոլոր նրանք, ովքեր ձմեռվա երկար երեկոները, վերջին շաբաթների ընթացքում հավաքվում էին այս սրճարանում, ցրվել են ամբողջ Եվրոպայով մեկ:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը