Կաղաչենք, Տեր, որ երկարես սուրբ Ձեռքդ և պահես մեզ ու մարդկությունն այս համաճարակից

Համազգային աղոթքի օրվան նվաստիս աղոթքը….

Տէր, արարիչ երկնի եւ երկրի, ների՛ր մեզ որ մարդկայնօրէն մեղանչեցինք Քո դիմաց եւ մեղանչում ենք ամէն օր մեր կեանքով, մեր մտածումներով, մեր խօսքերով, մեր գործերով։ Ների՛ր մեզ որ մտովի մոռանում ենք Քեզ մեր կեանքի ուրախ օրերին եւ սրտովին յիշում ենք Քեզ մեր վատ, մռայլ, ցաւոտ, տխուր օրերին։

Տէր, ողորմիր մեզ, քանզի մոռացանք մեր մկրտական ուխտն ու հաւատքի ընթացքը, տեղի տուեցինք մեղքին եւ հեռացանք Քեզանից մեր գործերի աւերներով։

Տէր, կեանք տուեցիր մեզ որ Քեզ անտեսենք, հաւատք պարգեւեցիր մեզ որ մամոնային ծառայենք, յոյս բաշխեցիր մեզ որ անյուսալի ճանապարհ ընտրենք, սէր ծորեցրիր մեր վրայ որ ատելութեան փոխենք։

Ահա դարձրինք մեր կեանքը, մեր երկիրը, մեր շրջապատը, մեր խոհն ու ընթացքը դաշտ ու ճանապարհ հպարտութեան, ատելութեան, բղջախոհութեան, ստախօսութեան, կեղծաւորութեան, դրամասիրութեան, անառակութեան, բանսարկութեան, բաժանումների, փառասիրութեան եւ բոլոր մեղքերի բոյն ու իժերի թոյն։

Սիրեցինք Քեզ խօսքերով, բայց իրաւամբ ատեցինք մեր եղբայրները։ Պաշտեցինք Քեզ յարտաքուստ, բայց վանեցինք բոլորին ի ներքուստ։ Առողջութիւն քարոզեցինք բոլորին բայց հիւանդացանք ազգովին։ Քեզ մատնողին նման Քեզ համբուրեցինք՝ ու մեր արծաթների համար կեանքի ընթացքով Քեզ ծախեցինք։

Հիւանդութիւնը, վարակները պատեցին մեզ Տէր, մեր ժողովուրդին ու մարդկութեան։ Մեր մեղքերը մեր սխալները, մեր ծուռ ճանապարհների մէջ ընթացքը պատճառ դարձան մեր մահուան ու կորստեան։

Արդ, կ՚աղաչենք Տէր որ երկարես սուրբ Ձեռքդ եւ պահես մեզ ու մարդկութիւնը այս համաճարակից, այս ժահրից ու բոլոր հիւանդութիւններից։ Ահա մենք նմանեցանք ալեկոծեալ ծովի վրայ Քո աշակերտներին ու աղաչեցինք ու աղաչում ենք Քեզ. «Տէր, հոգդ չէ՞ որ մենք ահա կորչում ենք…»։

Իսկ դու Տէր, Քո անսահման բարութեամբ, տիրութեամբ, մեծութեամբ եւ իշխանութեամբ մեզ ասացիր եւ մեր ալեկոծեալ կեանքի ծովի մէջ մինչեւ հիմա ասում ես. «Ո՞ւր Է ՁԵՐ ՀԱՒԱՏՔԸ…»։

Այո Տէր…, Ո՞ՒՐ Է մեր կորած հաւատքը այսօր…։

Աղաչում ենք Տէր, օգնիր մեր անհաւատութեան, փրկի՛ր մեր ազգին որ գնեցիր Քո սուրբ արեամբ, ազատիր մեզ չարից ու ժահրից, հիւանդութիւնից եւ մահուանից։ Թող որ ազատուեն բոլոր մարդիկ մահուան մտրակից, հիւանդութեան խարազանից։

Փրկի՛ր Տէր մեր մեծերին ու փոքրերին, զինուորներին ու քաղաքացիներին, հոգեւորականներին ու աշխարհականներին։

Փրկի՛ր Տէր մեր բժիշկներին, բուժքոյրերին եւ աշխատողներին, թող նրանք երբեք չյոգնեն, չսպառուեն, այլ մնան առողջ ու կայտառ, հասնող բոլորին օգնութեան։

Փրկի՛ր Տէր մեր Հայոց բանակի զինուորներին, սպաներին, զօրավարներին ու զօրագլուխներին։ Թող որ նրանք երբէք չսասանուեն, չվախենան չարի բոլոր ուժերից, այլ զօրացնես նրանց, յաղթական պահես, ուժեղացնես երկնային զօրքերովդ եւ պահես աչքի բիբի նման։

Պահի՛ր ՏԷՐ, Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իմաստութեամբ, մաքրութեամբ, խոնարհութեամբ, աստուածսիրութեամբ, եղբայրսիրութեամբ, իր գահակալներով, եպիսկոպոսներով, վարդապետներով, քահանաներով, սարկաւագներով եւ ամէն աշխարհական հաւատացեալներով։ Զօրացնես եւ պահպանես մեր Եկեղեցին Տէր ամէ՛ն մոլորութեան դէմ, ամէ՛ն աղանդի դէմ, ամէ՛ն չարի քարոզի եւ դրամասիրութեան, փառասիրութեան դէմ։ Մեզ դարձնես հաւատքի Քո բերդը, յաղթութեան աշտարակը եւ երկրաւոր տաճարը հաւատքի, յոյսի եւ սիրոյ։

Աղաչում եմ Տէր, որ մեր երկրի իշխանաւորներին իմաստութիւն պարգեւես…, սէր պարգեւես…, նրանց մէջ ճշմարիտ աստուածային բարութեան սիրոյ, խաղաղութեան, համերաշխութեան սերմերը ցանես…։ Մեր միջից ատելութիւնը ու նրա քարոզը անհետացնես, չարութիւնն ու հայհոյանքը ջնջես, վրէժն ու ցասումը մարես, կեղծիքն ու գողութիւնը վերացնես, մեր կեանքից անարդարութիւնը կործանես, մեր երկրի մարդկանց քարացած սրտերի մէջ ու լեզուների վրայ սէր ցանես, որովհետեւ.-

Քո անտեսանելի սուրբ դէմքդ էր որ արիւնեցաւ մեր անառակութեան համար։

Քո ձեռքերն էին որ խաչուեցին մեր ընթացքի համար։

Քո մարմինն էր որ գերեզման դրուեց մեր մեղքերի համար։

Եւ որպէս նոր ծաղիկ ՅԱՐՈՒԹԻՒՆ առիր եւ կեանք տուեցիր մեզ մահացածներիս համար…։

Տէր, յիշիր ու ողորմիր մեր հիւանդներին, զրկեալներին, աղքատներին, անօթեւաններին, անպատսպարներին, որբերին, այրիներին, յուսալքեալներին, գործազրկուածներին, փոքրերին ու մեծահասակներին։ Ողորմիր, պահիր ու հասիր նրանց օգնութեան Տէր։ Թող նրանց համար կակղին հարստութեան իշխանների սրտերը, որպէսզի նրանց էլ Ղազարոսի նման մի փոքրիկ բաժին հասնի փշրանքներից որ թող յիշուի թէ աշխարհի հարստութեան ծարաւով տառապող ու անյագ կշտացող հարուստները պէտք է մտածեն որ վախճանի օրը եւ աստուածային վճիռները ահռելի են, սարսափազդու եւ յաւիտենական։

Տէր, բժշկիր մեզ հիւանդագին մտածելակերպից, տգիտութիւնից, յամառութիւնից, վատ սովորոյթներից, մոլութիւններից Քո սուրբ հրամանով։

Տէր, բժշկիր մեզ մեր մարմնական հիւանդութիւններից, ժահրից, վիրուսից, ցաւից ու տառապանքներից Քո սուրբ կամքով։

Տէր, բժշկիր մեզ մեր հոգեւոր հիւանդութիւններից, աղանդներից, մոլորութիւններից, անտարբերութիւնից, անհաշտութիւնից։

Թող Քո սուրբ կամքդ որով մեզ ընտրեցիր որպէս ազգերի անդրանիկը որ արժանաւոր դառնանք առաջին հետեւորդդ լինելու՝ փոխի մեր մտքերը, կակղացնի մեր սրտերը, մաքրի մեր հոգիները, ապրեցնի մեր մարմինները որպէսզի կարող լինենք արժանաւոր լինենք կանգնելու Քո դիմաց, խոնարհաբար ընդունելու երկնաւոր որդեգրութիւնը, ժառանգակից լինելու քեզ Քո յաւիտենական արքայութիւնում, եւ յաւիտենական տաճար մնալու Սուրբ Հոգւոյն։

Տէր… ժահրի կողքին հեռացրու մեր մեղքերի թոյն արմատ ատելութեան հիւանդութիւնը մեր ազգի միջից, եւ այնպէս արա Տէր, որ որպէս ՀԱՅ սիրենք զիրար Ա՛ՅՆ սիրով որ Դու, պաշտելի Տէր, սիրեցիր մեզ…։

Թող Աստուած փարատի մեր ցաւերը, բժշկի մեր բոլորին հիւանդութիւնները, ամոքի ցաւերը, ուղղի մտածումները, խօսքերն ու գործերը, մաքրազարդի հոգիներն ու մտքերը, եւ բոլորին պարգեւի կատարեալ առողջութիւն, սուրբ անուամբ նորա աղաչեմք եւ խնդրեմք։

Ամէն..։

Տ. Սերոբ Քհնյ. +

Ամերիկաբնակ հոգևորական Սերոբ Ազարյանի ֆեյսբուքյան էջից

Համազգային Աղօթքի Օրուան նուաստիս աղօթքը….Տէր, արարիչ երկնի եւ երկրի, ների՛ր մեզ որ մարդկայնօրէն մեղանչեցինք Քո դիմաց…

Опубликовано Serop Azarian Вторник, 17 марта 2020 г.