Ազգային պատկերասրահում բացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է:

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Նիկողոսյանը:

«Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հետ: Բայց մենք չենք կարող հստակ ասել, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով»,- նշեց Նիկողոսյանը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն պետք է բաց լիներ մինչև ապրիլի 26-ը:

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանց մի մասը փորձում է հանրության հետ կապը պահել առցանց հարթակում: