Կսկսենք ուսումնական հաստատություններում ամբողջական ախտահանման աշխատանքներ իրականացնել. ԿԳՄՍ նախարար

Մենք պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել և առաջիկա օրերից սկսել դպրոցներն ամբողջությամբ ախտահանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց՝ սա առիթ է, որ եթե դպրոցներում վարակներ կան, վերացվեն: «Ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում, և սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները արտակարգ իրավիճակից հետո լիարժեք պատրաստ լինեն դասապրոցեսին»:

Հարցին՝ եթե պարապմունքները դադարեցված են, արդյո՞ք մարզերում ծնողները պետք է վճարեն մանկապարտեզների համար, Հարությունյանը նշեց, որ հիմնարկները համայնքային են, և համայնքները պետք է որոշեն, թե ինչպես կգործեն մանկապարտեզները: «Բայց ենթադրում եմ, որ չեն վճարելու»,- նշեց նախարարը: