Փաշինյանը փորձում է հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել իրենց հանցավոր անգործության դառը պտուղները ճաշակելուն

Ոչինչ, որ դեպքերը կարող են կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել…

Փաշինյանի համար Հայաստանում նոր կորոնավիրուսով (COVID-2019) հիվանդության արձանագրված-հաստատված դեպքերը երևի քի՞չ են, դեպքերի այդ քանակը ու դրանց գնալով արագացող աճը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությանը կամ նրան իշխանության բերած, համենայն դեպս, այդ հարցում էական դերակատարում ունեցած արտաքին ուժերին երևի չի՞ գոհացնում:

Վերոնշյալ տպավորությունը կարելի է ստանալ` ծանոթանալով, թե նա, իր սիրելի կադրի` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանգույն, «Ֆեյսբուք»-ի իր էջում հերթական անգամ ինչ է բլթացրել նոր կորոնավիրուսի ու դրա վտանգավորության առնչությամբ: Եվ ոչ միայն «Ֆեյսբուք»-ի իր էջում, այլև Ազգային ժողովի երեկվա հատուկ նիստում: Այդ բլթոցներն այնքան հաճախակի են, որ, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում դրանց նույն օրն անդրադառնալ:

Երեկ առավոտյան «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Կորոնավիրուսը, ինչպես ցույց է տալիս, մի հիվանդություն է, որը, ցավոք, սրտի, իհարկե, վտանգ պարունակում է 70 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար, նրանց նկատմամբ լինենք ուշադիր, և մյուսների պարագայում միակ վտանգն այն է, որ մենք կվարակենք ուրիշներին, համենայն դեպս, դեպքերի շատ ճնշող մեծամասնության համար` նրանց համար, ովքեր չունեն խրոնիկ հիվանդություններ» (5:20-5:33):

Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, Փաշինյանը կամ անտեղյակ է, կամ էլ միտումնավոր անտեսում է, որ խրոնիկ հիվանդությունները Հայաստանում վերջին տարիներին, եթե չասենք վերջին տասնամյակում, երիտասարդացել են: Ե՛վ շաքարային դիաբետը, և՛ զարկերակային բարձր ճնշումն ու սրտի հետ կապված խնդիրները, և՛ քաղցկեղը և այլ հիվանդություններ, նախկինի համեմատ, ավելի շատ են արձանագրվել և արձանագրվում մինչև 70 տարեկան անձանց, այդ թվում նույնիսկ` երիտասարդների շրջանում: Փաշինյանը սա պետք է իմանար ոչ միայն վարչապետ, այլև ժամանակին լրագրող, ապա պատգամավոր լինելով:

Ավելորդ չեմ համարում նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի առնչությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ուղղած կոչից հետևյալ վիճակագրական տեղեկությունները մեջբերել.

«Կորոնավիրուսից մահվան դեպքերը կախված տարիքից՝

0-9 տարիքային խմբում՝ 0%

10-39 տարիքային խմբում՝ 0.2%

40-49 տարիքային խմբում՝ 0.4%

50-59 տարիքային խմբում՝ 1.3%

60-69 տարիքային խմբում՝ 3.6%

70-79 տարիքային խմբում՝ 8%

80+ տարիքային խմբում՝ 14.8%

(Եզրահանգումները հիմնված են հիվանդության 72 314 դեպքերի ուսումնասիրության վրա)

Երկրորդը՝ կորոնավիրուսը առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝

* սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա (մահացությունը՝10,5%),

* շաքարային դիաբետ (7,3%),

* քրոնիկ հարբուխային հիվանդություններ(6,3%),

* ուռուցքներ (հստակ տվյալներ չկան)»։

Այսպիսով ակնհայտ է, որ աշխարհում 10 տարեկանից սկսած, մահվան դեպքեր են գրանցվել, հետևաբար դրանք Հայաստանում էլ կարող են գրանցվել:

Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը (Grigor V. Grigoryan) «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Կորոնավիրուսային վարակի վտանգի և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին բնակչությանը մոլորեցնում են վարչապետի, փոխվարչապետի, առողջապահության նախարարի, ՊՆ խոսնակի և շատ այլ պաշտոնյաների մակարդակով, որ նայում են մարդկանց աչքերին, համառորեն ստում և հորդորում է վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը… հիմա հարց. ԻՆՉՊԵՍ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԻ ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԵԹԵ ԵՐԿՈՒ (2) ԱՄԻՍ Է ԼՍՈՒՄ Է ՁԵԶՆԻՑ

«կորոնավիրուսային վարակի ներթափանցման տեսակետից Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում

«քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»

«բերովի դեպքերը վտանգ չեն ներկայացնում»

«կարանտինը արդարացված միջոց չէ, արդյունավետ միջոց չէ և նույնիսկ նպաստում է վարակի արագ տարածմանը»

«կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ որ պրոբլեմներ առաջացնի» և այլն…»:

Հիմա ինչպե՞ս չհարցնել` եթե կորոնավիրուսն իսկապես շատ վտանգավոր վիրուս չի համարվում, ու, հետևաբար, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա, ապա ՀՀ կառավարությունը մարտի 16-ին ինչո՞ւ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունեց, ինչո՞ւ երկրում 1 ամսով արտակարգ դրություն հայտարարվեց…Ի՞նչ է` արտակարգ դրությունը հատուկ միջոցառում չէ՞… Ո՞վ է պետական բարձրաստիճան պաշտոնյային իրավունք տվել այդպիսի հայտարարությամբ հանդես գալու, երբ նոր կորոնավիրուսի շատ վտանգավոր լինել-չլինելու հարցը, ըստ մասնագետի, դեռ որոշված չէ:

Անցած մի քանի օրերը, այդ ընթացքում արտերկրից COVID-2019-ի ՀՀ ներթափանցման դեպքերը, ցույց տվեցին նաև այն անհիմն հայտարարության սուտ կամ կեղծիք լինելը, թե կորոնավիրուսային վարակի ներթափանցման տեսակետից Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում:

Բացահայտ սուտ կամ կեղծիք են նաև այն հայտարարությունները, թե «բերովի դեպքերը վտանգ չեն ներկայացնում» (թերևս այդպես կլիներ, եթե Իրանից փետրվարի 28-ի, Իտալիայից մարտի 7-ի, 10-ի ու դրանց նախորդած չվերթներով եկածները կարանտինացվեին, մինչդեռ չեն կարանտինացվել), «կարանտինը արդարացված միջոց չէ, արդյունավետ միջոց չէ և նույնիսկ նպաստում է վարակի արագ տարածմանը»: Նշված հայտարարությունների միտումնավորության հարցը պարզելով մոտ ապագայում կզբաղվեն իրավապահները:

«Մենք պետք է խնդիր ձևակերպեինք, որ հանկարծ կորոնավիրուսը Հայաստան չմտնի՞…»,- ՀՀ Ազգային ժողովի մարտի 16-ի հատուկ նիստի ընթացքում կարծես անմեղսունակի տպավորություն թողնելով (իրականում, կարծում եմ, միանգամայն մեղսունակ է), ասաց Փաշինյանը:

Եվ պատկերացնո՞ւմ եք` սա երկրի ղեկավարն է ասում… Վարչապետը, կառավարությունը, առողջապահության նախարարն ու նախարարությունը, իհարկե՛, հենց այդ խնդիրը պետք է ձևակերպեին, պետք է ժամանակին և հնարավոր ամեն ինչ անեին, որ նոր կորոնավիրուսը Հայաստան չմտնի: Սակայն ոչ ժամանակին են անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել, ոչ էլ բոլոր հնարավոր միջոցառումներն են ձեռնարկել, իսկ հիմա երբ, առաջինն իր իսկ մեղքով, COVID-2019-ն արդեն Հայաստանում է ու գնալով արագորեն տարածվում է, Փաշինյանը մի կողմից փորձում է արդարանալ, «կրուտիտներ» անել` հույսը դնելով նրա վրա, որ մարդկանց մի մասը չի հասկանա ինչն ինչոց է, կհավատա իրեն, մյուս կողմից ցինիզմով բացահայտում է` ինքը և կառավարությունն իրենց առջև խնդիր չեն դրել, որ կորոնավիրուսը Հայաստան չմտնի:

Ավելին. վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ՀՀ իշխանությունները դրան ուղղակի դեմ չեն եղել` խնդիր ձևակերպելով, որ կորոնավիրուսը Հայաստան չմտնի, այլ նույնիսկ կողմ են եղել, որ նոր կորոնավիրուսը մտնի Հայաստան, որպեսզի աշխարհին համընթաց քայլենք, մեր զբոսաշրջությունը, տնտեսությունը հանկարծ մի քանի ամսից չտուժեն: Դրա համար էլ Իտալիայից և COVID-2019-ով վարակվածության դեպքերի մեծ քանակ ունեցող երկրներից հնարավոր վարակակիր և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան չեն արգելել, իսկ այդ պետություններից եկող ՀՀ քաղաքացիներին չեն կարանտինացրել, ինչպես, օրինակ, էջմիածնեցի հայտնի կնոջը:

Եթե Փաշինյանն իսկապես մտածեր ՀՀ տնտեսության մասին, ապա հույսը չէր դնի զբոսաշրջության վրա` այն աստիճան, որ դրա խաթեր ՀՀ նոր կորոնավիրուսի ներթափանցմանը դիմադրած չլիներ, անցած 2 տարում Հայաստանում արդյունաբերական գոնե մեկ լուրջ ձեռնարկություն կշահագործվեր կամ կվերաշահագործվեր:

«Օքեյ, 15 դեպք էսօր է արձանագրվել, վաղը կարող է 15 դեպք էլ արձանագրվի, ոչ մի ողբերգություն դրանից պետք չի սարքել»,- երեկ ԱԺ-ի հատուկ նիստում «դուխով» ասաց Փաշինյանը` փորձելով հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել իր, կառավարության, առողջապահության նախարարի հանցավոր անգործության դառը պտուղները ճաշակելուն:

ԱԺ-ի երեկվա նիստում Վարչապետի պաշտոնը զբաղեցրածի հակասական, արտակարգ դրության պայմաններում հասարակությանն ապակողմնորոշող, վտանգավոր ու խայտառակ ելույթին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, այժմ նշենք միայն նրա խիստ վտանգավոր մտադրության մասին: Իր այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը բացահայտեց, որ մտադրություն կա նոր կորոնավիրուսով հիվանդներին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տուն ճանապարհել, եթե հիվանդությունը նրանց մոտ թեթև է ընթանում, ջերմություն չունեն կամ ջերմությունը նորմայից բարձր չէ:

«Փաստն այն է, որ մենք փաստորեն հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, որոնք, ըստ էության, բուժման կարիք չունեն,- ասաց Փաշինյանը:- Այսինքն` այդ մարդիկ կարող էին նաև իրենց տանը ապրել, պայմանով, որ այլ անձանց հետ շփում չունենան կամ սահմանափակում ունենան»:

Նա ասաց նաև, որ նույնը վերաբերում է նաև Ծաղկաձորի հայտնի հյուրանոցում մեկուսացված այն մարդկանց, որոնք ոչ մի ախտանշան չունեն և ոչ մի բուժում չեն ստանում, սակայն կարանտինի մեջ են, քանի որ շփվել են նոր կորոնավիրուսով հաստատված վարակվածություն ունեցող անձի հետ: Եվ սա` այն դեպքում, երբ չկա որևէ երաշխիք, որ հիվանդանոցից ու Ծաղկաձորից տուն ճանապարհված կամ առաջիկայում այնտեղ պարզապես չընդունված մարդիկ չեն վարակի իրենց ընտանիքի անդամներին, իսկ տանից դուրս գալու դեպքում նաև` այլ անձանց:

Արթուր Հովհաննիսյան