«Ազգային օրակարգ» կուսակցությունը կստեղծի հիմնադրամ՝ վարակված քաղաքացիների բուժմանն աջակցելու նպատակով

«Ազգային օրակարգ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ 16-ին ՀՀ կառավարությանը՝ 4 շաբաթով հայտարարած արտակարգ դրությունը թեև փոքր-ինչ ուշացած էր, բայց առկա պայմաններում բացարձակ անհրաժեշտ քայլ է և ողջունելի։ Հաղորդագրության մեջ նշվում է.

«Արտակարգ դրության ռեժիմը բազմաթիվ հնարավոր սահմանափակումներ է ենթադրում, սակայն դրանք արդարացված կլինեն, եթե նպաստեն հանրային առողջության, երկրի անվտանգության, և տնտեսության անխաթար գործունեության ապահովմանը։ Մասնավորապես, առաջիկա շաբաթներին Կառավարության, մասնավոր ընկերությունների, և բոլոր քաղաքացիների ջանքերը պետք է կենտրոնացվեն մի քանի առանցքային ուղղությունների վրա՝

ա) կանխարգելել վարակի սրընթաց տարածումը, լոկալիզացնել վարակի աղբյուրները, և այնուհետև ըստ հնարավորության աստիճանաբար մարել

բ) առավելագույնն անել փրկելու այն վարակված քաղաքացիների կյանքերը, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ստացել

գ) բանակը, և առաջին հերթին առաջնագծում տեղակայված զորամասերը, բոլոր հնարավոր միջոցներով վարակից զերծ պահել

դ) ապահովել տնտեսության բազային ճյուղերի կենսագործունեությունը, կանխել խուճապը և գների անհիմն բարձրացումները

ե) աջակցել սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնք տնտեսապես տուժել են համաճարակից, և զրկվել գոյության միջոցներից

Քանի որ իրավիճակը սրընթաց է զարգանում, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր պահի անհրաժեշտ կլինեն նոր լուծումներ, և մենք պետք է միասնաբար աշխատենք այդ լուծումների վրա, և օժանդակենք իշխանություններին՝ այդ լուծումները արդյունավետ կյանքի կոչելու գործում։

Միևնույն ժամանակ, այս համաճարակը մարտահրավեր է ամբողջ հասարակությանը, և նա պետք է մոբիլիզացնի իր ուժերը, առավելագույն համագործակցություն և կարգապահություն դրսևորի դժվարին ժամանակներում։

Համաճարակի հաղթահարումը լրացուցիչ ռեսուրսներ և ջանքեր է պահանջելու մեզանից յուրաքանչյուրից՝ կլինի դա նյութական ներդրումներ, կամավորական աշխատանք, օգնություն մեր մերձավորներին, և յուրաքանչյուրս պետք է անենք հնարավորը՝ այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։

Մենք հիմա աշխատում ենք՝ առաջիկայում ստեղծելու առանձին հիմնադրամ, որում կհավաքագրենք մասնավոր միջոցներ, մեր վարակված քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով, և կդիմենք մեր բոլոր ընկերներին՝ ըստ հնարավորության աջակցելու այդ գործին։ Մեր ընտանիքը սկզբի համար կհատկացնի 5 միլիոն դրամ այս հիմնադրամին, ըստ անհրաժեշտության, նաև լրացուցիչ հատկացումներ կկատարենք ապագայում։ Նաև, մենք կաջակցենք բոլոր այն մեր ընկերներին, որոնք կամավորական աշխատանքների կներգրավվեն բժշկական հաստատություններում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օժանդակել այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել առանձին նամակով, ես առաջիկա օրերին կտեղեկացնեմ հաջորդ քայլերի մասին։ Մինչ այդ, ցանկանում եմ բոլորիդ քաջ առողջություն, հավատ և համախմբվածություն՝ դիմագրավելու համաճարակին»։