Ինքնամեկուսացվածների համար պատրաստ եմ հեքիաթ և բանաստեղծություն կարդալ

Բարի լույս բոլոր արտակարգ դրության մեջ հայտնվածներին։ Հարգելի քաղաքացիներ, ինչ եղել-եղել է, այս պահից սկսյալ յուրաքանչյուրս պարտավոր ենք ընկալել, որ աշխարհն ամենևին էլ անսահմանափակ մեծ չէ, առհասարակ, աշխարհը շատ փոքր է և մենք գտնվում եք այդ փոքր նավի մեջ։ Չկան սահմաններ վիրուսի համար, այո, չկան սահմաններ, և հիմա մենք մեզ պիտի հարց տանք, իսկ եթե վիրուսի համար չկան սահմաններ, ինչու պիտի սահմաններ լինեն ներողամտության, բարության, լավատեսության և սիրո համար։ Պարտավոր ենք  ի վերջո ընկալել, որ ոչինչ այս նավի մեջ հենց այնպես չի կատարվում։Եվ սա նույն Նոյի Տապանն է, որի մեջ ենք բոլորս՝ առանց ազգության ու հայրենիքի, հիմա բոլորիս հայրենիքը այս տապանն է, աշխարհ կոչվող այս պուճուր տարածությունը։ Ուրեմն, հարկ է լրջորեն մտորել, հասկանալ, գոնե փորձենք հասկանալ, թե ինչու են լինում ջրհեղեղները, երկրաշարժերը, տիեզերական պատերազմները և երկնաքերերի բախումները։ Գիտեմ, ամենօրյա պարզ մարդկային կյանքից ներս այս կարգի հեռուն գնացող մտքեր ոչ միշտ են գալիս, և ոչ բոլորին է տրված այսպես մտածելու ունակությունը։ Ուրեմն, եկեք փորձենք մի քիչ մտածել։ Օրինակ, ՀՀ կառավարությունը փորձի հասկանալ, տեսնել իր սխալները, իր վրիպումները, պատասխանատվությունը ուրիշների վրա գցելու իր մղումները։ Տարբեր ոլորտների պատասխանատուները փորձեն հասկանալ, թե ինչու և որտեղ սայթաքեցին։Մարդը փորձի հասկանալ իր սեփական սխալները, սայթաքումները և այլևս չհամարձակվի մեղադրել։Մեղադրել բոլորին և ամենքին, բացի իրենից։ Երեկ ԱԺ նիստում վարչապետը հենց դա էր անում։ Բայց համոզված եղեք՝ պարզ աշխատավորը մեղք չունի, որ կառավարիչները միագիծ են մտածում, պարզ վարորդը մեղք չունի, որ պետություն կառավորել չիմացողները այսօր իշխանության են և մոլորվել են այս բարդ ու պատասխանատու լաբիրինթում։ Բայց և պարզ աշխատավորն է մեղավոր, որ ճգնաժամային իրավիճակում իր հոգսն է դարձնում զուգարանի թղթի պաշար հավաքելը կամ հնդկաձավարի տոպրակներով տունը լցնելը։

Երբ Նոյը կառուցեց իր տապանը և նրանում տեղավորեց կենդանիներին, նա ընտրություն կատարեց, ընտրեց ամենաուժեղներին, առողջներին և արդարներին, ընտրեց զույգերով։Բայց այսօր ակնհայտ է, որ Ջրհեղեղից փրկվածների որակական հատկանիշներից մարդկությունը հեռացել է դեպի անսահմանություն, և մարդն այսօր ամեն ինչ հանգեցրել է զուգարանի թղթի կամ սիթիները մաքրելու մակարդակի։Երեկվա նիստը հերթական, ավելորդ անգամ փաստեց, որ վարչապետը անլրջացնելու մեծ վարպետ է, ամեն ինչ ջրիկացնելու մաստեր-կլաս ցույց տվեց, ուստի, սիրելի քաղաքացիներ, խեղդվողների փրկության գործը դարձյալ մնաց խեղդվողներին։ Ինքնակազմակերպվել և ինքնամաքրվել՝ այլ ճանապարհ չկա և չի եղել երբեք։ Մենք, ցավոք, դեռ Ֆրանսիան չենք, որ մեր նախագահը պատասխանատվությունը վերցնի իր ուսերին և իր քաղաքացիներին հայտարարի, որ իրենք ունեն պետություն , ունեն կառավարություն, որը մինչև վերջ կանգնելու է իր քաղաքացու կողքին, պատերազմում՝ ինչպես պատերազմում։ Իսկ սա, այո, պատերազմ է։ Ուրեմն, բոլորիս թող օգնի մեր հավաքական ուժը, մեր լավատեսությունը, անձնական պատասխանատվությունը։ Եթե բոլորս լինենք անձնապես լրջմիտ և պատասխանատու, ապա դա հաստատ կվերափոխվի պետական պատասխանատվության։ Մենք պարտավոր ենք այս ջրհեղեղի մեջ չլքել նավը, կանգնել մեր պետության կողքին և սատարել, թեկուզ և պետական այրերը դեռ չեն գիտակցում իրենց ուսերի բեռի ամբողջ պատասխանատվությունը։ Կանգնել պետության կողքին, Նիկոլի կողքին, առողջապահության նախարարի կողքին և օգնել ․․․ Այս պահին կարևորը սա է, ազգային միասնությունը․․Իսկ մնացածի մասին կխոսենք, երբ տապանը ափ կհասնի անվնաս, և բոլորս ողջ և առողջ կողջունենք ավետիսը բերող աղավնուն՝ ճյուղը կտուցի մեջ։ Ինքս հրապարակավ հայտարարում եմ, այս պահից մոռանում եմ և ներում եմ անցած երկու տարիներին ինձ հանիրավի վիրավորած, հայհոյած, չարախնդացող, վարկաբեկող բոլոր անձանց, իմ նախկին ընկերներին, ինձ չճանաչողներին, ֆեյքերին անգամ։ Ներում եմ բոլորին և այս պահից փորձելու եմ մոռանալ ամեն ինչ, որ վիրավորել և խոցել է ինձ։Ես բաց եմ թողնում բացասական բոլոր մտքերը և հիշողությունները։ Եվ եթե ինքս էլ նեղացրել կամ վիրավորել եմ, դարձյալ ներողություն եմ խնդրում։ Աստված մեզ պահապան։

Հ․Գ․Եվ ամբողջ գիշեր մտածելով, թե ինչով կարող եմ օգտակար լինել, հասկացա, որ, ցավոք, չեմ կարող դիմակներ կարել, կամ մեկ այլ բան, ուստի, հնարավոր է հենց այսօրվանից սկսեմ ուղիղ եթերում ընթերցել Թումանյանի հեքիաթները երեխաների համար և բանաստեղծություններ, մեծերի համար։ Պիտի փորձեմ, չգիտեմ, ինչ կստացվի, բայց կփորձեմ տանը մնացած, ինքնամեկուսացված մարդկանց ու երեխաներին ամեն օր մի հեքիաթ ու մի բանաստեղծություն նվիրել։

Սիրով ՜Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Ինքնամեկուսացվածների համար պատրաստ եմ հեքիաթ եւ բանաստեղծություն կարդալԲարի լույս բոլոր արտակարգ դրության մեջ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 16 марта 2020 г.