Արտակարգ դրության մասին կառավարության թերի ու խայտառակ որոշումը չի կանխելու ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետագա տարածումը

Այսօր առավոտյան հանրապետությունում COVID-2019-ով վարակվածների թիվը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, արդեն հասել էր 30-ի: Հրապարակված պաշտոնական այլ տեղեկություններ հիմք էին տալիս ենթադրելու, որ առաջիկայում COVID-2019-ով վարակվածության նորանոր դեպքեր կարող են հաստատվել:

Շատ կարևոր է, որ գործատուները իրենց աշխատողներին իրավունք տան տանից աշխատելու, եթե այդ հնարավորությունը կա: Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության այսօրվա որոշման մեջ պետք է վերոնշյալի վերաբերյալ համապատասխան կետ, պահանջ լիներ, բայց չկա, դա թողնված է գործատուների հայեցողությանը, քաղաքացիական բարձր գիտակցությանը, որը, ցավոք, բոլորը չէ, որ ունեն, եթե չասենք` շատերը չունեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուք»-ի իր էջում հանդես գալով ուղիղ եթերով, ասաց. «Գիտեք, որ Էջմիածնի 27 մուտքերից միայն 3-ն են գործում»: Իսկ ի՞նչ է` վարակն այդ երեք ճանապարհներով (Էջմիածին-Երևան, Էջմիածին -Աշտարակ Էջմիածին-Մասիս) չի՞ կարող փոխանցվել հանրապետության այլ բնակավայրերում ապրողներին, եթե այդ նշված ճանապարհներով եկողներից թեկուզ մի քանիսը վարակված են նոր կորոնավիրուսով:

«Մենք տեղում ջերմաչափում կանենք, և նրանք, որոնք ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսացում անել»,- մարտի 15-ին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

NEWS.am-ի թղթակիցն այսօր հաղորդել է, որ «մինչեւ քաղաքի մուտքը բաց է, քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են, ջերմություն ունենալու դեպքում հորդորում՝ ինքնամեկուսացվել»։

Այսինքն` նույնիսկ ջերմություն ունենալու դեպքում մարդկանց ետ չեն վերադարձնում, անուն-ազգանուն, հասցե, հեռախոսահամար արձանագրելուց հետո բաց են թողնում, բուժաշխատողները նրանց հետ կապ են հաստատում և մոնիտորինգ իրականացնում։

Ոչ միայն ցավալի, այլև ողբերգական ու չափազանց վտանգավոր է, որ լինելով երկրի ղեկավարը, Փաշինյանը նույնիսկ այսօրվա դրությամբ չէր գիտակցում, որ ինչպես տեղում ջերմաչափում անելը, այնպես էլ մարդկանց խնդրելը, որ ինքնամեկուսացվեն, անվտանգության, վարակի հետագա փոխանցումը կանխելու որևէ երաշխիք չի տալիս: Ապացույցը, թեկուզ, Իրանից նոր կորոնավիրուսով վարակված ու փետրվարի 28-ին Հայաստան եկած 29-ամյա երիտասարդին առնչվող դեպքը: Այդ մարդը փետրվարի 28-ին ջերմություն չէր ունեցել, ինքնաթիռում և օդանավակայանում կատարված ջերմաչափումը նորմայից շեղում չէր հայտնաբերել, նրա վարակված լինելը չէին հայտնաբերել, նույնիսկ չէին կասկածել ու չէին կարանտինացրել, իսկ հաջորդ օրն արդեն մարդը ջերմել էր, «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, ուր կրկնակի թեստավորումից հետո մարտի 1-ին, ժամը 3-ին արդեն վերջնականապես պարզ էր դարձել, որ նա վարակված է COVID-2019-ով:

Ինչ վերաբերվում է ինքնամեկուսացման խնդրանքին, քանի որ այն խնդրանք է, ոչ թե պահանջ` վերջինս խախտելու դեպքում սահմանված պատասխանատվությամբ ու հսկողության մեխանիզմով, միջոցներով, ապա, ինչպես արդեն փորձն է ցույց տվել, նույնիսկ COVID-2019-ի տարածվածության առումով առավել վտանգավոր երկրներից ՀՀ ժամանած անձինք, չեն հարգել այդ խնդրանքը և առաջիկայում էլ, կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված, կարող են չհարգել ու 14 օրվա ընթացքում թեկուզ 1-2 օր կամ 1-2 ժամ դուրս գալ տանից ու… Հնարավոր հետևանքը դժվար չէ պատկերացնել:

Էջմիածնից դուրս եկող հանրային տրանսպորտում, դատարաններում, թերևս նաև այլուր իրականցվել և առաջիկայում էլ, հնարավոր է, իրականացվելու են ախտահանիչ միջոցառումներ: Դա վատ չէ, վնաս չէ, բայց նոր կորոնավիրուսի տարածումը և վարակման նորանոր դեպքերը կանխելու առումով, ցավոք, ընդամենը չնչին արդյունք կարող է տալ: Հասարակական տրանսպորտի ախտահանումը, ինչպես արդեն նշել ենք մեր նախկին հրապարակումներից մեկով, չնչին մխիթարություն է:

Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում, ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, նոր կորոնավիրուսով հիվանդ տվյալ անձը մինչ այդ կարանտինացված չի եղել:

«Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են շփվել, որ մեկուսացնենք»:

Իսկ ի՞նչ է` այդ մարդը միայն ձեռնարկության աշխատակիցների՞ հետ է շփվել, ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների, բարեկամների, հարևանների, ծանոթների, խանութների վաճառողների, տսքսու վարորդների և այլոց հետ չի՞ շփվել, հասարակական տրանսպորտից չի՞ օգտվել… Ավելին. ինչպես արդեն նշել ենք, «շփվել» ասելով, նկատի է առնված այլ անձանց հետ միայն անմիջական շփումը (ԱՆ նախարարի ասած` ձեռքով բարևելը, համբուրելը, գրկախառնվելը), անտեսելով, սակայն, որ վարակը կարող է փոխանցված լինել նաև այն անձանց, որոնք 2 մետրից ավելի մոտ են եղել վարակակիր տվյալ անձին:

Արդեն պարզ է նաև, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերից ոչ բոլորի պարագայում է, որ վարակված անձինք եկել են Իրանից, Իտալիայից կամ մեկ այլ երկրից, ավելին` նշված դեպքերից ոչ բոլորն են կապված Էջմիածնի դեպքի հետ, օրինակ, 28-ից հետո վերջին երկու դեպքերից մեկը, ըստ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանի կատարած ֆեյսբուքյան գրառման, կապված է մարտի 15-ի երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Սա նշանակում է, որ վարակն արդեն չմեկուսացված անձանց կողմից ներքին փոխանցում ու տարածում է ստացել: Բնավ չենք զարմանա, եթե COVID-2019-ով վարակակվածների քանակը ՀՀ-ում առաջիկայում ավելանա:

ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով այսօր արտահերթ նիստում արտակարգ դրության մասին որոշում ընդունեց և ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից հայտարարեց արտակարգ դրություն: Եթե իրավիճակն այսքան տագնապալի ու վտանգավոր չլիներ, վարչապետի ելույթի և կառավարության նիստի առանձին դրվագներ նույնիսկ զավեշտական կհամարեի կամ ավելին, քան զավեշտականը: Դրանք վկայում են իշխանությանը տիրացածների, մեղմ ասած, անգիտության, անտեղյակության, անճարակության և նույնիսկ անլրջության մասին, եթե, իհարկե, նրանց մասին չմտածեմ ավելի վատ բան… Այս ամենին առաջիկայում, իհարկե, համապատասխան հիմնավորումներով, հանգամանորեն դեռ կանդրադառնամ, այժմ միայն ընդգծեմ, որ ընդունված որոշումը մի շարք անհրաժեշտ սահմանափակումներ պարունակելով հանդերձ, դեռ ամենևին բավարար չէ Հայստանում նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար:

Արթուր Հովհաննիսյան