Հունաստանը սահմանել է 14-օրյա կարանտին՝ բոլոր ժամանողների համար

Հունաստան բոլոր ժամանողները պետք է պարտադիր կարգով 14-օրյա կարանտին անցնեն: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արիստոտելիա Պելոնին բրիֆինգում, որը նվիրված էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին:

Ճեպազրույցին լրագրողներ ներկա չեն եղել, այն հեռարձակվել է YouTube-ով:

Պելոնին ասել է, որ երկիր վերադարձած բոլոր հույները պարտադիր կարգով տներում ինքնամեկուսացման պայմաններում են գտնվում 14 օրվա ընթացքում: Ճշտող հարցին՝ այդ միջոցն արդյո՞ք վերաբերում է Հունաստան ժամանող երրորդ երկրների քաղաքացիներին, նա ասել է. «Դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ժամանում են»:

Տեղեկացնենք, որ  Հունաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 15-ին, երկրում կորոնավիրուսով վարակվել է 331 մարդ:

Հիվանդանոցներում է գտնվում 51 մարդ, որոնցից ութի վիճակը ծանր է: Տասը մարդ ապաքինվել է և դուրս գրվել, չորսը մահացել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: