Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև կապիտալ շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել է շրջաններում և մայրաքաղաքում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: