Իրանի նախագահը հայտարարել է երկրում COVID-19 համաճարակի պիկը հաղթահարելու մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Mehr-ը:

«Դատելով թվերից՝ մենք հաղթահարել ենք վիրուսի պիկը, բայց ես դեռ առաջարկում եմ, որ մարդիկ մնան տանը, և արտակարգ իրավիճակի դեպքում հետևեն բոլոր բժշկական ցուցումներին»,- ասել է Ռոհանին՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ թվերի`հիվանդների, ապաքինվածների կամ մահացածների, մասին է խոսքը:

Ըստ Ռոհանիի՝ երեքշաբթի, մարտի 17-ին, Ներքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության աշխատակիցները ստուգելու են քաղաքացիների առողջության վիճակը հատուկ անցակետերում, որոնք կբացվեն քաղաքի մուտքերում և ելքերում:

Իրանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը գրեթե 15 հազար է, առողջացել է 5 հազար մարդ, մահացել՝ 853-ը: Անցած օրվա ընթացքում Իրանում մահացել է 129 մարդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ սա ռեկորդային աճ է Իրանում ամբողջ համաճարակի ընթացքում: