Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից․փորձագետի խորհուրդները

Կորոնավիրուսի վարակի ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է դիմակ կրել, չպետք է ձեռքով բարևել, գրկախառնվել և համբուրվել հանդիպման ժամանակ, հանրային տրանսպորտում պետք չէ կանգնել դեմ առ դեմ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսական կանխատեսման ինստիտուտում հանրային առողջության վերլուծության և կանխատեսման լաբորատորիայի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Ռևիչը:

«Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի դիմակների նկատմամբ իմ քննադատական վերաբերմունքով հանդերձ, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, ամեն դեպքում արժե դրանք կրել: Դիմակ կրելը դժվար է միջին կամ տարեց մարդկանց համար, քանի որ այն որոշ չափով դժվարացնում է շնչառությունը: Եթե դիմակ չունեք, բայց գոնե շարֆ ունեք, ապա շարֆով ծածկեք ձեր դեմքը»,- նշել է փորձագետը:

Նա շեշտել է, որ դիմակները, որակով պայմանավորված, արդյունավետ են մեկից չորս ժամ։

«Երկրորդ`ավելի քիչ համբուրվել և գրկախառնվել հանդիպումների ժամանակ: Ավելի լավ է շփման ժամանակ պահպանել որոշակի հեռավորություն: Ես երթևեկում եմ մետրոյով և հասկանում եմ, որ դա քիչ հավանական է, բայց գոնե պետք չէ դեմ առ դեմ կանգնել»,- ավելացրել է փորձագետը:

Գործակալության զրուցակիցը նաև հիշեցրել է, որ փռշտալիս արմունկով պետք է փակել բերանը, որպեսզի կանխվի այլ մարդկանց վարակելը:

Ռևիչը հավելել է, որ նույնիսկ նվազագույն միջոցառումների համադրումը իջեցնում է վարակի փոխանցման հնարավորությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր կորոնավիրուսի (COVID-19) բռնկումը հռչակել է որպես համավարակ: Աշխարհի 140 երկրներում ավելի քան 153 հազար մարդ արդեն վարակվել է, մեծամասնությունը առողջացել է, 5,7 հազար մարդ՝ մահացել: