Ամերիկացի առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին։ Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում փորձարկումներ կանցկացվեն 45 երիտասարդ, առողջ կամավորների մասնակցությամբ՝ պատվաստանյութի տարբեր դեղաչափերով, որը մշակել են ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) և Moderna Inc. ընկերությունը:

Առողջապահության բնագավառի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-18 ամիս:

«Գիտափորձի մասնակիցների վարակման հավանականությունը բացառված է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման խնդիրն է՝ համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի հետևանքներ չունեն, ինչից հետո ձեռնամուխ կլինեն ավելի լայն փորձարկումների»,- նշում է գործակալության աղբյուրը:

Բացի դրանից, Inovio Pharmaceuticals ընկերությունը իր պատվաստանյութի փորձարկումները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ կսկսի հաջորդ ամսին Փենսիլվանիայի համալսարանում և Միսուրիի նահանգի Քանզաս Սիթի փորձարարական կենտրոնում: