Փայլանը հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

Փետրվարի 24-ին Թուրքիայի սահմանին մոտ գտնվող իրանական Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր ,Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանե անդամ Կարո Փայլանը եկեղեցու հետագա ճակատագրի, մասնավորապես հնարավոր վերականգնման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին.

  1. Արդյո՞ք ճշտվել է այն վնասը, որը կրել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին:
  2. Պատմական ու ճարտարապետական առումով եզակի համարվող եկեղեցու վնասները վերականգնելու համար գումար հատկացվելո՞ւ է: Հնարավորինս շուտ սկսվելո՞ւ են վերակառուցման աշխատանքները:
  3. Վանում գտնվող և երկրաշարժից վնասված մյուս մշակութային ժառանգությունների համար վնասների ճշտման համապարփակ աշխատանք արվե՞լ է:
  4. Վանի մշակութային հուշարձանները գույքագրվա՞ծ են:
  5. Ո՞րն է Ձեր նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, նորոգման ու որպես մշակութային հուշարձան հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ:

Աղբյուրը` Ermenihaber.am