Շնորհիվ իմ ղեկավարած կազմակերպության՝ տասնյակ ընտանիքներ հասկացել են, որ մանկատան աղջիկը ևս կարող է լավ հարս, հոգատար կին ու նվիրված մայր լինել. Տիգրանուհի Կարապետյան

Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ կոչին միացել է «Մեր տունը» ՀԿ հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է նրա պատմությունը։

«1988-ի երկրաշարժը շրջադարձային եղավ իմ կյանքում․ կորցրեցի եղբայրներիս, տունս ու մնացի ձեռնունայն ինձ նետված մարտահրավերին դեմ հանդիման։ Երկու ընտրություն ունեի․ կա՛մ հանձնվել կյանքի հորձանուտին ու ապրել օրախնդիր հարցերը մի կերպ լուծելով, կա՛մ պայքարել ոտքի կանգնելու և իմ նմաններին օգնելու համար։ Ընտրեցի 2-րդ տարբերակը, և այդ օրվանից կյանքս բաժանվեց երկու մասի․ երկրաշարժից առաջ և հետո․․․ Ամուսնացա, տեղափոխվեցի Էջմիածին, բայց ներսումս անհանգստություն կար բոլոր այն երեխաների համար, որոնք անտուն ու անծնող են մնացել։ Նպատակ դրեցի ծնողական խնամքի կարիք ունեցողներին իմ շուրջը հավաքել ու փարատել միայնությունը, լցնել նրանց հոգու դատարկությունն ու զբաղվել այդ երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ։

Ամուսնուս օգնությամբ և բարի մարդկանց ֆինանսական աջակցությամբ ստեղծեցի «Մեր տունը» կազմակերպությունը, որտեղ պետք է ապրեին մանկատների շրջանավարտ աղջիկները։ Ընտանիքի և օջախի մոդելով ստեղծված «Մեր տունը», իրոք, տաք անկյուն դարձավ մի քանի տասնյակ աղջիկների համար, որոնց ճակատագրերը մանկաատունն ավարտելուց հետո մատնվելու էր անտարբերության։

Մարդկային ճակատագրերի նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունեմ։ Չեմ կարողանում անտարբեր անցնել օգնության կարիք ունեցողների կողքով։

Անընդունելի եմ համարում, երբ մարդկանց ծաղրում կան մատով են ցույց տալիս միայն նրա համար, որ նման չեն իրենց։ Իմ շուրջը հավաքեցի նաև այն աղջիկներն, որոնք հաշմանդամություն կամ մարդկանց հետ շփվելու խնդիրներ ունեն։

Հատուկ մասնագետների օգնությամբ այդ երեխաներին կյանքի կոչեցի, սեփական խնդիրները հաղթահարելու այբուբենը սովորեցրեցի, որ կարողանան ինքնուրույն դիմակայել կյանքի փորձություններին։

Ինքնավստահության և ինքնագնահատման այնպիսի դասեր ստացան, որ հաշմանդամություն ունեցող աղջիկներից մեկը կյանքի ընկեր ընտրելու հնարավորություն ունեցավ։

Ամուսնացավ համակրելի երիտասարդի հետ ու առողջ բալիկ լույս աշխարհ բերեց։

Կյանքից ստացած հարվածներն ինձ այնքան են ուժեղացրել, որ այլևս ոչ մի դժվարության առաջ չեն ընկրկում։ «Մեր տունը» ստեղծելու ճանապարհին էլ, նաև՝ մինչև օրս, այդ դժվարությունները կան, դժվարությամբ, բայց հաղթահարում եմ հանուն աստվածահաճո գործի, հանուն այն աղջիկների, որոնց մայր ու քույր է պետք, ընտանիք, դաստիարակություն ու կրթություն է պետք։

Երբեմն սեփական փորձս եմ օրինակ դարձնում, որ հասկանան՝ կամքն ամեն ինչ է ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար։

Անհամեստ չեմ լինի, եթե ասեմ՝ ես եմ կոտրել մանկատան աղջիկների բարդույթավորված կարծրատիպը։ Շնորհիվ իմ ղեկավարած կազմակերպության՝ տասնյակ ընտանիքներ հասկացել են, որ մանկատան աղջիկը ևս կարող է լավ հարս, հոգատար կին ու նվիրված մայր լինի։

20 աղջիկ եմ ամուսնացրել, 30 թոռնիկ ունեմ։ Բոլոր աղջիկներն էլ իսկական զարդ են այն ընտանիքներում, որտեղ հարս են գնացել։ Երջանիկ եմ, երբ նրանց երջանիկ եմ տեսնում։

Սա այն գնահատականն է, որ ստանում եմ տարիների տքնաջան աշխատանքիս շնորհիվ։ Ես այստեղ ուժեղ մարդիկ եմ «կերտում», սովորեցնում գնահատել սեփական անձն ու արժանիքները, և դրանք ճիշտ մատուցել։

Երբեմն այնքան եմ տարվում աղջիկներով ու նրանց կյանքով, որ մոռանում եմ սեփական հոգսերս։ Ավելի շատ «Մեր տանն» եմ լինում, քան իմ տանը։

Ես ամուր ու կայուն տանիք եմ ստեղծել, որի ներքո ապրողները չեն կարող անտարբեր լինել միմյանց նկատմամբ։ Իմ ստեղծած տանը բոլորը քույրեր են, որոնք պետք է հոգ տանեն իրար մասին, սիրեն, պաշտպանեն միմյանց, օգնեն դժվարությունների մեջ, սատարեն անկեղծորեն․․․Սա է, որ սովորեցնում եմ ու հոգ տանում, որ այստեղից ստացածը տանեն իրենց հետ ուր էլ որ գնան։

Ինչ-որ առումով, ես օգնել և օգնում եմ պետությանը՝ մանկատան շրջանավարտ աղջիկների կյանքը կառուցելու գործում։

«Մեր տուն»-ն այն ցատկահարթակն է, որտեղից մեծ կյանք են մտնում երիտասարդ աղջիկներ արդեն պատրաստ բոլոր դժվարություններին։ Ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում յուրաքանչյուրին։

Ամենահուզիչն այն պահերն են, երբ երեխայի ծնունդից հետո առաջինն ինձ են զանգում՝ աչքալուսանք տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես կշնորհավորեն իրական տատիկին։ Սա ևս գնահատական է, որն իմ աշխատանքի ամենամեծ ցուցիչն է․․․

Ես շարունակում եմ աշխատել, շարունակում եմ հոգ տանել ծնողական խնամքից զրկված աղջիկների մասին։ Այնքան եմ խորացել լքված աղջիկներին կյանք վերադարձնելու գործի մեջ, որ եթե ինչ-որ պահի թուլանում էլ եմ, հասարակությունն ինքն է ստիպում զգաստանալ։

Ձեռքս անընդհատ աղջիկների նոր սկսվող կյանքի զարկերակին է, արդեն չեմ էլ պատկերացում առանց իրենց, առանց իրենց խնդիրների ու պատճառած հոգսերի։ Չնայած այդ ամենին՝ իրենց շատ եմ սիրում, ամեն ինչ անում եմ, որ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը չկորցնեն, մարդկանց սիրել ու ներել կարողանան»։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։