Էդուարդ Մարտիրոսյանը Գոհար Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցել է լեգենդար հետախույզի զարմուհուն

Մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով փոխանցեց լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գ. Վարդանյանի Պատվո շքանշանը:

Է. Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի և շնորհակալական խոսքը ուղղեց ականավոր հետախույզի հարազատներին:

«Մենք բարձր ենք գնահատում Գևորգ և Գոհար Վարդանյանների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի և անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ», – ասաց Է. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Ա. Փահլևանյանը, նշեց, որ անչափ հպարտ և ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում:

«Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր և լավատես: Այդպիսին էին Գևորգ և Գոհար Վարդանյանները: Հայրենասեր և ուժեղ, անվախ և վճռական այդ զույգն անցել է բարդ և դժվարին ճանապարհ»,- ասաց Ա. Փահլևանյանը:

Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին: