Երբ ամրոցը չեն կարողանում դրսից գրավել, տրոյական ձին են գործի դնում (տեսանյութ)

Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտութան մասին» օրենքի նախագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, և դրանցից մեկով Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն էականորեն իջեցվում է, ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտներին հնարավորություն է տրվում որպես առանձին կառույցներ գործելու՝ նախընտրած ձևաչափով՝ միավորման, առանձնանալու և ինքնուրույնանալու, համալսարաններին միավորվելու։

Կառավարությունը նշում է, որ դրանով գիտական ինստիտուտների գործունեությունն ավելի արդյունավետ կդառնա, գիտությունը մուտք կգործի համալսարաններ, այլ ոչ թե առանձին կգործի։ Արայիկ Հարությունյանը մեկնաբանելով նախագիծը՝ ասել է․ «Համալսարանների հետազոտական հատվածները թույլ են, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան, և բարձրագույն գիտության ու կրթության այս օրենքը, որ մենք նախաձեռնել ենք, միտված է դրան, որ հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար, ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ, սա է մեր հիմնական նպատակը»։

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում իր տեսակետ հայտնեց այդ նախագծի վերաբերյալ՝ ասելով, որ դա մեզանում գիտությունը ոչնչացնելու, փոշիացնելու ճանապարհ է, որն ուղղորդված է դրսից։ Եվ այդպիսի քաղաքականություն է իրականացվում հետխորհրդային տարածքներում, քանի որ դրսին մեզ նման պետություններն անհրաժեշտ են զուտ որպես տարածքներ, այլ ոչ թե դիմագիծ, արժեքներ, մշակույթ, գիտություն ունեցող ամուր պետություններ։

Դավիթ Գասպարյանը հռետորական հարցադրում է հնչեցնում՝ այս աշխարհաքաղաքական գործընթացների մեջ ո՞վ ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում՝ չարենցյան ոգով և ասում, որ այսօր առկա մարտահրավերների պայմաններում մենք պետք է կարողանանք դիմագրավել դրանց և պահպանել ինքնությունը, համախմբվել մեր արժեքների՝ լեզվի, մշակույթի, գիտության, կրոնի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում