«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից». ՌԴ ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ զսպվածության կոչ անելով կողմերին:

«Ցավոք շփման գծում և սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները, ինչի պատճառով կան զոհեր և վիրավորներ: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից, ակտիվացնել բանակցային գործընթացը՝ ուղղված քաղաքական միջոցներով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան:

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և մտերիմներին՝ նշելով, որ ռուսական կողմը կշարունակի հետևել իրավիճակին: