Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 130 000-ը

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Այս տվյալները մարտի 13-ի առավոտյան ներկայացրել է South China Morning Post պարբերականը:

Պարբերականի տեղեկությամբ՝ մայրցամաքային Չինաստանում վարակման դեպքերի քանակը 80 793 է, մահացել է 3169 մարդ:

Իտալիայում վարակվածների թիվը 15 113 է, մահացել է 1016 մարդ: Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը 10 075 է, մահացել է 429 մարդ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: