Եվրամիությունը դատապարտել է կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ից մուտքի արգելման ԱՄՆ-ի որոշումը

Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: Այդ մասին նշված է Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 12-ին տարածվել է Բրյուսելում։ «Եվրամիությունը հավանություն չի տալիս այն փաստին, որ ուղևորությունների արգելման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն ընդունվել է միակողմանի կարգով և առանց կոնսուլտացիաների»,-«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, նշված է փաստաթղթում:

Միշելը և ֆոն դեր Լյայենն ընդգծել են, որ «կորոնավիրուսը համընդհանուր ճգնաժամ է, որը սահմանափակված չէ որևէ մայրցամաքով»: «Եվ այն պահանջում է համագործակցություն, ոչ թե միակողմանի գործողություններ։ Եվրամիությունը վճռական միջոցներ է ձեռնարկում վիրուսի տարածմանը խոչընդոտելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին հայտարարել է, որ Եվրոպայի հետ ԱՄՆ ցանկացած հաղորդակցություն, ներառյալ ծովային և ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար:Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին: Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ազգին հղած իր ուղերձում Թրամփն ասել է որ «խիստ, բայց անհրաժեշտ սահմանափակումները» չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա: Նրա խոսքով՝ Եվրամիությունը «չկարողացավ ձեռնարկել նախազգուշության այն նույն միջոցները», ինչ և ԱՄՆ-ը:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆն ավելի ուշ ճշտել է, որ Եվրամիությունից ԱՄՆ մուտքի արգելքը կվերաբերի այն քաղաքացիներին, որոնք վերջին 14 օրում այցելել են Շենգենյան գոտու երկրներ Միացյալ Նահանգներ ժամանելուց առաջ: