Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզները

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները:

Դժգոհություն են հայտնում, որ «Հայոց ցեղասպանություն 1915-1923 թթ.» վերնագիրը կրող քարտեզներում «Օսմանյան կայսրության տարածքները  ներկայացվում են մասնատված»:

Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի իրենց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:

«Եթե քարտեզները նույնիսկ վերացվեն, միևնույն է, նորերը կփակցվեն»,-ասված է աղբյուրում:

Նշվում է նաև, որ քարտեզում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում Հայաստան, իսկ հարավ-արևելքում` Քրդստան:

Նշենք, որ քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան հայերի բնաջնջում է իրականացրել:

Աղբյուրը՝ Ermenihaber.am