Պահանջս մեկն էր և է՝ արդարության վերականգնում և ընտրապայքարի օրինականության ապահովում

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր դիմում եմ ձեզ՝ որպես մեր ժողովրդի ներկայացուցիչ։ Ընտրապայքարի առաջին օրերից բարձրաձայնել եմ արցախցու քվեի առուծախի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակի մասին և խորապես դատապարտել եմ այն։ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անունից «Ո՛չ» եմ ասում քաղաքական կեղտոտ խաղերին և մանիպուլյացիաներին։

Երբ մարզերից ստացա առաջին ազդանշանները նման գործելաոճի մասին, չհավատացի, քանի որ չեմ հավատում, թե դա արցախցու տեսակին հարիր է։ Վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, ընդհուպ՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ ու այլ տեսակի բռնաճնշումներ գրեթե ամենուր՝ թեկնածուներից մեկի օգտին։ Այս ամենը հային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն անարժան պահվածք է:

Խնդիրը քննարկել եմ իմ քաղաքական հակառակորդների հետ՝ նրանց հրավիրելով խորհրդակցության։ Գիտեմ՝ միայն իմ կուսակցությունը, համախոհներն ու ընտրողները չեն, որ տառապում են ահաբեկման կեղտոտ տեխնոլոգիաներից։ Քաղաքական պայքարն իմաստների և ժողովրդի կարիքները հասկանալու, դրանց լուծման ուղիներ գտնելու մրցավազք է, ոչ թե մրցակցություն, թե ով ավելի շատ կարող է ծախսել քարոզչության ու միջոցներ բանեցնել՝ ձայներ ստանալու համար:

Անհանդուրժելի է։ Գրավոր դիմել եմ, ինչպես նաև հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Պահանջս մեկն էր և է՝ արդարության վերականգնում և ընտրապայքարի օրինականության ապահովում։ Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում արտոնյալներ չկան ու չպիտի լինեն:

Ստացել եմ նախագահի երաշխիքները, որ հատկապես գյուղապետերի և խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ աշխատանք կտարվի, որպեսզի դադարեն ահաբեկել մեր քաղաքացիներին՝ զրկելով նրանց ազատ կամարտահայտվելու իրավունքից։ Սակայն այսօր բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատթարացել է։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շատերդ արդեն գիտեք, որ մենք գործարկում ենք թեժ գիծ՝ մեր քաղաքացիներին աջակցելու համար։ Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով մեր զանգերի կենտրոնը կաշխատի՝ լսելու և արձագանքելու ընտրողների նկատմամբ բոլոր տեսակի ճնշումների դեպքերին: Կազմելու ենք գյուղապետերի և ձեռնարկությունների ղեկավարների ,սև ցուցակներըե՝ տարածելով դրանք, որ ողջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անուն առ անուն ճանաչի իր թշնամիներին: Եվ երբ ժամանակը գա, երբ Արցախը կատարի իր ճիշտ ընտրությունը, այդ մարդկանց կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Ես դա երաշխավորում եմ:

Կոչով դիմում եմ Արցախի նախագահական ընտրությունների բոլոր մասնակիցներին՝ միանալ ժողովրդին և մեր թեժ գծի հեռախոսահամարը ` 047204500, որն արդեն հայտնվել է սոցիալական ցանցերի մեր բոլոր էջերում և կայքում, տարածել նաև իրենց տեղեկատվական ռեսուրսներում:

Եկե՛ք համագործակցենք անարդարության դեմ պայքարում, եկե՛ք կանգնենք մեր ժողովրդի կողքին, բոլորս միասին ընտրությունները դարձնե՛նք ազնիվ և մաքուր։ Միասին վճռական «Ո՛չ» ասեք անարդարությանը:

Վիտալի Բալասանյան