«Վերելք»․ ՔՊ-ը պատրաստ չէր իշխանությունը վերցնելու, հյուրը՝ Ռազմիկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Սոցիոլոգ, սոցապ նախկին նախարար, ԳԽ նախկին անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը հարցազրույցում անդրադառնում է մի շարք խնդիրների։ Նրա կարծիքով, անցած 30 տարիների ընթացքում հասարակությունը մակերեսորեն է նայել ամեն ինչին, դրա համար էլ տեղապտուտային այս իրավիճակներն անընդհատ կրկնվում են, որովհետև կատարվածը չի վերլուծվում, չի գիտակցվում, չի դառնում նշաձող, որից հետո հասարակությունը կարող է ավելի պետականամետ դառնալ և նորմալ պետություն կառուցել։

Այսօր հասարակության առջև կան լրջագույն խնդիրներ՝ նաև ապագայի հետ կապված, և դրանցից մեկը հայերենի վիճակն է։ Մասնավորապես, այսօր գրատպության փուլն իր ավարտին է մոտենում, սկսվել է էլեկտրոնային գրի ժամանակաշրջանը։ Մենք պատմական շանս ունենք մեր լեզուն միավորելու, նկատի ունեմ արևելահայերենն ու արևմտահայերենը, լուծելու քերականության խնդիրը, էլեկտրոնային դաշտում ամբողջացնելու հայերենը և դրանով ամբողջացնելու հայկական ինքնությունը։ Այն ժողովուրդները, որոնք կկարողանան արագ իրենց լեզուն տեղափոխել էլեկտրոնային դաշտ, երկար ժամանակ կպահպանեն և ազգային ինքնությունը, և պետական ինքնությունը։

2018-ին ամեն ինչ շատ հանկարծակի ու անսպասելի եղավ, և ՔՊ-ը պատրաստ չէր իշխանությունը վերցնելու։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, այդպես եղավ նաև 1990 թվականին, երբ ՀՀՇ-ն դեռևս ձևավորված չէր, նոր էր սկսել որպես քաղաքական ուժ ձևավորվել, և հանկարծ հանգամանքների բերումով ստիպված էր վերցնել իշխանությունը, և մենք տեսանք, թե ինչ եղավ։

Ակնհայտ է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնացել է միայն Ազգային ժողովի, կառավարության վրա, իսկ տեղերում, նկատի ունեմ՝ տեղական կազմակերպություններում, համայնքներում, որևէ աշխատանք չի կատարվում։ Եթե մենք վերջին 30 տարին գնահատենք, դա սոցիալիզմից կապիտալիզմի անցման կամ կապիտալի կուտակման ժամանակաշրջան է, որն ավարտվեց։ Այսօրվա իշխանությունների առաքելությունը այդ տնտեսական հարաբերությունները օրինական դաշտ բերելն է։ Եթե այս իշխանությանը հաջողվի տնտեսական հարաբերություններն ազատականացնել, ապա նա իր առաքելությունը կկատարի։

Մանրամասները՝ տեսանյութում