Տեսչական մարմինն Արմավիրի Գայ համայնքի ձկնաբուծարանների գործով դիմել է Դատախազություն

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն, տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարին  ստուգումներ է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներում։

Տեսչական մարմնի տեղեկացմամբ, որ համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են սխալ  կազմված համայնքների  հողային հաշվեկշիռներ, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։

Համայնքներում իրականացված   ուսումնասիրությունից պարզվել է, որ հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես՝ չեն վարվում  հերթապահ  կադաստրային քարտեզներ:

Բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը փաստաթղթերի ուսումնասիրությունից հայտնաբերել և արձանագրել է, որ Գայ  համայնքում 14,4291 հա, 2,46 հա ընդհանուր մակերեսներով քաղաքացիների  սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։

Հետագայում hիմք ընդունելով` ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները համայնքի ղեկավարի որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական  հողերի և տրվել են շինարարության թույլտվություններ։

Սակայն վերոնշյալ ձկնաբուծական լճերը կառուցված են եղել մինչ այդ՝ դեռևս տարիներ առաջ։

Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով  համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում  զգալի չափով գումարներ:

Գայ համայնքում արձանագրված խախտումների բնույթով  և հնարավոր չարաշահումների փաստով պայմանավորված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է  ՀՀ գլխավոր դատախազություն։