Քրիստոսի անվամբ այդ կնիքը պահպանի բերանդ

Բերանն ամեն բան ԿՈՒԼ տալու, և ամեն հիմարություն ԴՈՒՐՍ տալու համար չի՛ ստեղծված

Պահքի Խորհրդածութիւն 4 – Խօսքն ու Լռութիւնը (Առ. 17։28, Եփես. 4։29-30)

Շատ մարդիկ այսօր քարոզում են ճշմարտութիւններից…։ Փիլիսոփայական ոսկեդարերին մարդիկ իրապէս խօսում էին ճշմարտութիւններից եւ իմաստութիւն փնտռում, իսկ ներկայ դարուն, ամէն իմաստազուրկ յիմարութիւն դարձել է այլ յիմարութեանց դուռ եւ նորագոյն «իմաստութիւն»։

Ընդհանրապէս շատ գեղեցիկ է լռութեան մասին այն ասացուածքը որ մարդիկ անգիտակցաբար վերագրում են գրագէտ Մարկ Թուէյնին, որն իր կարգին դա վերցրել է նախագահ Աբրահամ Լինկոլնից. «Աւելի լաւ է լռել ու ու յիմար երեւալ, քան թէ բերանը բացել ու ամէն կասկած փարատել»…։ Սակայն իրականութիւնը այն է որ այս խօսքը ո՛չ Լինկոլնի եւ ո՛չ էլ Թուէյնի խօսքերն են. այլ առնուել են Աստուածաշնչի Առակաց գրքից. «Նոյնիսկ այն յիմարները որոնք իրենց շրթները փակելով լռում են՝ իմաստուն կը սեպուեն» Առակաց 17։28։

Ամբողջ աշխարհում մարդիկ հետեւում են իրենց մարմնին ու մարմնի ասածներին։ Առաջին հայեացքով ամէն ինչ տրամաբանական է։ Սակայն հոգեւորին համար մարմնականից առաջ գոյութիւն ունի հոգին որն մարդիկ նիւթով, ուտելիքով, հարստութեամբ եւ պաշտօնով տիրացած մարդիկ կուրաբար չեն տեսնում, եւ բարոյականն ու սկզբունքը մէկդի է շպրտուած ներկայ դարում։

Մարդկային ներկայ դժբախտութիւնը չիմացութիւնը չէ, այլ այն՝ երբ մարդիկ կեանքի դասեր չեն վերցնում ուրիշների անցած իմաստութիւնից ու խոնարհութեամբ չեն զարդարում իրենց հոգիները որ նա իր կարգին կրթի մարմինն ու միտքը։ Այլ պաշտօնը, դիրքը, հարստութիւնը, կեանքի առատազեղ բարիքները հպարտութեամբ է լեցնում մարդուն, որ բանտարկի միտքը, սպաննի իր հոգւոյն եւ մարմինը անղեկ նաւու նման մոլորի ու քշուի աշխարհի ովկիանոսների ջրերի ու հովերի դիմաց։

Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ գեղեցկագոյն խորհուրդներից մին Դրոշմի խորհուրդն է։ Այսինքն Ս. ՀՈԳՒՈՎ ԿՆՔՈՒՄԸ մեր կեանքին։ Այդ խորհուրդի ընթացքին հոգեւոր հայրը դրոշմով կնքում է նորօծեալին բերանը այս խօսքերով. «Կնիքս յանուն Յիսուս Քրիստոսի՝ եղիցի քեզ պահպանութիւն բերանոյ եւ դուռն ամուր շրթանց քոց»։ Այսինքն… Քրիստոսի անուամբ այդ կնիքը պահպանի բերանդ, որպէսզի ստի, կեղծիքի կողքին միտքդ հոգեւորապէս զարգացներով, ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ դուրս չտաս…։ Բերանը ամէն բան ԿՈՒԼ տալու, եւ ամէն յիմարութիւն ԴՈՒՐՍ տալու համար չէ՛ ստեղծուած…։ Այդ պատճառով է որ բերանն է դռնապանը մտքին որ պէտք է արտայայտի այն խօսքերը որոնք բացայայտում են հոգեւոր մտքի ահաւոր բարձրութիւնը, եւ ոչ թէ խայտառակեն մարմնաւոր մտքի մեղկ ու խեղճ մերկութիւնը…։

Ամէն մահկանացու իր աւարտը ունի, որի հասնելու ժամանակը անյայտ է։ Ուշադիր պէտք է լինենք մեր կեանքում, որովհետեւ սրտի աւելցուքները (աւելի ճիշդը այնտեղ հաւաքուած աղբը) այնքա՜ն շատ են այս դարում որ բերանը անվերջօրէն անհաշիւ եւ անպէտք աշխատում է, այսինքն խօսում։ Գուցէ աւելի լաւ պիտի լինէր մեր ժամանակ նախ օգտագործէինք խորհրդածելով հոգեւոր իմաստութեան մասին, որովհետեւ ԼՌԵԼԸ նախ բացում է ականջները, իսկ ականջները բացում են միտքը։ Միտքը իր կարգին, բացում է ճանապարհը հոգւոյն դիմաց հասնելու հաւատքի փրկութեան երբ մարմինը սկսում է հետեւիլ հոգւոյն, եւ ոչ թէ հոգին մարմնին։

Աւելի լաւ է նախ ներքին կեանքը մաքրագործել, քան թէ առանց խորհելու ձաբռտել։ Աւելի լաւ է ՉԻՄԱՑԱԾ բաների մասին ԼՌԵԼ, քան թէ բերանը բացելով անձի մակարդակը մատնել..։

Տ. Սերոբ Քհնյ.

Ամերիկաբնակ հոգևորական տեր Սերոբ քահանա Ազարյանի ֆեյսբուքյան էջից

Պահքի Խորհրդածութիւն 4 – Խօսքն ու Լռութիւնը (Առ. 17։28, Եփես. 4։29-30)Շատ մարդիկ այսօր քարոզում են…

Опубликовано Serop Azarian Вторник, 3 марта 2020 г.