Փաշինյանի մոտ էլ սկսեց «խիյարը թարս աճել»

Իշխող քաղաքական թիմն իր ողջ ներուժով, այդ թվում իշխանական լծակների օգտագործմամբ, լծվել է «այո»-ի քարոզարշավին:

Հանուն «այո»-ի հաղթանակի, Նիկոլ Փաշինյանը երկրի համար կարևորագույն հարցերը մի կողմ թողած՝ արտաքինից մինչև ներքին, տարածաշրջանային ռազմական, քաղաքական, տնտեսական լարվածությունն անտեսած, կորոնավիրուսի մասին էլ գրեթե մոռացած, արձակուրդ է վերցրել ու զբաղված է մարզից մարզ շրջելով, քարոզչական բուկլետներ բաժանելով, ժողովրդին համոզելով, թե ապրիլի 5-ին պետք է մասնակցել հանրաքվեին և անպայման ասել «այո»:

«Իմքայլականների» և անձամբ վարչապետի բոլոր ճիգերը գալիս են փաստելու, թե որքան կարևոր է նրանց համար այդ «այո»-ն ստանալը: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ հանրաքվեն ապահովել մասնակիցների անհրաժեշտ քանակով, ապա՝ 650 000 «այո»-ականներով: Ինչը շատ բարդ խնդիր է: Պատճառները տարբեր են. նախ ժողովրդի զգալի հատվածն իրականում չի ընկալում, թե ինչո՞ւ է նախաձեռնվել այս հանրաքվեն: Ու եթե այն գերկարևոր խնդիր է իշխանության համար, ապա երկրորդական հարց է ժողովրդի համար: Հետևեք Փաշինյանի մարզային հանդիպումներին և կհամոզվեք. մարդիկ նրան մոտենում ու զուտ սոցիալական հարցեր են ուղղում, հարցեր, որոնք ոչ մի առնչություն չունեն հանրաքվեի, ՍԴ յոթ դատավորների, Հրայր Թովմասյանի հետ, մարդիկ իրենց առօրեական խնդիրների լուծման պահանջ են դնում վարչապետի առաջ, և այդ պահանջն արդարացի է:

Նկատենք, որ Փաշինյանին ուղղվող հարցերը նույնն են, ինչ երկու տարի առաջ էր, երբ դուրս եկան փողոց, կանգնեցին հեղափոխության առաջնորդի կողքին՝ հույսով, որ գալիս է բոլոր հարցերը լուծող «փրկիչը»: Հարցերի կրկնությունը փաստում է այն մասին, որ մարդկանց պահանջները չեն կատարվել, երկրում ոչինչ չի փոփոխվել: Երկու տարի առաջ Փաշինյանը որպես ընդդիմադիր առատորեն խոստումներ էր շռայլում ու արժանանում ժողովրդի օվացիաներին, երկու տարի անց վարչապետ Փաշինյանը դարձյալ նույն խոստումներն է հնչեցնում, բայց մեկ տարբերությամբ՝ արժանանում է նաև հակազդեցության…

Թեպետ կան այնպիսիք, որ նրա պաթետիկ խոսքերից դեռ ոգևորվում են, բայց մարդիկ այսօր պահանջատեր են ու հիշեցնում են՝ տվածդ խոստումները չե՛ս կատարել: Հիասթափությունն էլ տարբեր կերպ է արտահայտվում: Մի դեպքում, քիչ թվով մարդիկ են մասնակցում մարզային քարոզչական հանդիպումներին, չնայած վարչական լծակների օգտագործմանը: Մեկ այլ դեպքում, ականատես եղանք մետրոյում կատարվածին, երբ երիտասարդ աղջիկը պատռեց ու Փաշինյանի ուղղությամբ շպրտեց վերջինիս առաջարկած «այո»-ի քարոզչական բուկլետը: Պսևդոհեղափոխականներն ամենավերջին հայհոյանքները տեղացին աղջկա հասցեին, խոսեցին ու գրեցին նրա դաստիարակության մասին, զուգահեռաբար ի ցույց դնելով նաև սեփական դաստիարակության ցածր մակարդակը: Կատարվածը սառը ցնցուղ էր իշխանության ու հե՛նց Փաշինյանի համար: Այս ամենից խելացի ղեկավարը լուրջ հետևության կհանգի, և ոչ թե սեփական ֆեյքերին հարձակման հրահանգ կտա…

Պոպուլիզմը երկար չի կարող իր ազդեցությունն ունենալ, մարդիկ վերլուծում են, գնահատում իրավիճակը: Սոցիալական, տնտեսական բազմաթիվ չլուծված հարցերի համապատկերին գնալ և ժողովրդին համոզել, թե պիտի մասնակցես անհասկանալի հանրաքվեին ու «այո» ասես, որպեսզի լավ ապրես՝ այլևս լուրջ չի ընդունվում: Որքան էլ Փաշինյանը կոկորդ պատռի և նորանոր քաղտեխնոլոգիաներ կիրառի, միևնույն է, հավատ չի ներշնչում, այս հանրաքվեն ժողովրդի կողմից մնում է չընկալված: Ի դեպ, չնայած «ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերը հետ քաշվեցին, չմասնակցեցին իշխանական ֆալշին, դրանով զրկեցին Փաշինյանին նախկիններին թիրախավորելու հաճույքից, բայց միևնույն է, Փաշինյանը խաղի մեջ մտավ դարձյալ հեղափոխության փուլում կիրառած հին տեխնոլոգիաներով: Թերևս մեկ տարբերությամբ, որ դրանք հիմա փոքր-ինչ նոր փաթեթավորմամբ են մատուցվում ժողովրդին:

Մի շատ կարևոր հանգամանք կա. ժողովուրդն զգում է, որ վարչապետն իր հետ անկեղծ չէ: Մարդիկ համոզվում են, որ «սահմանադրական փոփոխություններ» ներկայացվող միջոցառումը մեկ նպատակ ունի՝ հնարավորինս արագ ազատվել իշխանության «թրի տակով» չանցած ՍԴ դատավորներից ու նրանց փոխարինել յուրայիններով: Մարդիկ հասկանում են, որ այս քայլի իրական նպատակը կառավարելի կամ գրպանային Սահմանադրական դատարան ունենալն է: Եվ հարց են տալիս՝ ի՞նչ կապ ունի Հրայր Թովմասյանի և 7 դատավորների պաշտոնանկությունը, օրինակ, մեր երկրի ներդրումային գրավչության հետ…

Նախաձեռնելով հանրաքվեն, Փաշինյանը մեծ ռիսկի է գնում՝ թե՛ իրեն, թե թիմին կանգնեցնելով վտանգավոր սահմանագծի առաջ: Բանն այն է, որ իրավիճակ է փոխվել, ինչպես սիրում են ասել «իմքայլականները, սակայն այդ իրավիճակն այսօր ի վնաս իրե՛նց է փոխվել… Ընդամենը երկու տարի է անցել ու մարդկանց մի զգալի հատված այլևս չունի այն հույս-վստահությունը, որ կար հեղափոխության ամիսներին, այսօր մարդիկ դժգոհում են՝ իշխանությունը խոստումները չի կատարում, դեռ մի բան էլ նոր խնդիրներ է ստեղծվում երկրում: Ասել է թե՝ հիասթափությունն ակնհայտ է: Հետևաբար, հանրաքվեի ձախողումը շատ ավելի հավանական է դառնում: Ձախողված հանրաքվեն կգա վավերացնելու «ժողովրդի վարչապետի» վարկանիշի անկման փաստը: Ոմանց գնահատմամբ, սա դառնալու է «իմքայլականների» իշխանության վերջի սկիզբը:

Ճիշտ չհաշվարկված, ռիսկային քայլերը մեծ գին են արժենում քաղաքական ուժերի համար՝ իշխող, թե ընդդմադիր, քաղաքական գործիչների համար, դրանք կարող են ճակատագրական լինել՝ հանգեցնելով քաղաքական ինքնասպանության…

Ինչևէ, ապրիլի 5-ը լուրջ թեստ է լինելու իշխանության համար:

Փաշինյանի հույսն իրեն անվերապահորեն դեռ հավատացող ընտրազանգվածի վրա է, ինչպես ասում են՝ «պողոսների»: Իսկ եթե «այո»-ն պարտվի ու գրանցվի «ոչ»-ի հաղթանակը, ապա Փաշինյանը կփորձի այդ իրավիճակից ևս ճարպկորեն դուրս գալ, օրինակ, կատարվածը ներկայացնելով որպես ժողովրդավարության ցնցող փաստ: Աշխարհի տարբեր ամբիոններից հայտարարելով, թե մենք կառուցել ենք աշխարհի բացառիկ ժողովրդավարական երկիրը, ուր ժողովուրդն է ամեն ինչ որոշողը, նա անգամ կարող է դեմ դուրս գալ իշխանության առաջարկին… Եվ պարտված «այո»-ն աշխարհով մեկ կվանկարկի՝ կեցցե ժողովրդավարության բաստիոն Հայաստանս…

Մի դիտարկում ևս ներկայացնեմ ընթացող քարոզարշավից: Ընդդիմադիր, հեղափոխության առաջնորդ Փաշինյանը, որ 2 տարի առաջ հոգատար և նրբանկատ էր իր «Ժող ջանի»-ի հանդեպ, այսօր այլևս այդպիսին չէ, իշխանության տաքուկ կյանքը, մի տեսակ, շատ արագ նրան վերափոխել է: Քայլ առ քայլ հեռանում է իր «Ժող ջանի»-ից, ում սոցիալական ծանր վիճակն արդեն Փաշինյանին նյարդայնացնում է: Բոլորս տեսանք, թե ինչպես պոռթկաց ու անկարող եղավ հանգիստ լսել իրեն դիմած 10 հոգանոց, սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքի հաշմանդամ հորը: Վարչապետին ոչ վայել պատասխան տվեց, այնպես սաստեց, որ տղամարդը շփոթմունքից մոռացավ իր վատառողջ լինելը…

Հիշո՞ւմ եք, չէ, ընդդիմադիր Փաշինյանը ո՜նց էր քննադատում նախկիներին նման պահվածքի համար, իսկ այսօր իր մոտ է արդեն «խիյարը թարս աճում»…

Սա Փաշինյանի լրջագույն սայթաքումն էր: Նման բացթողումները թանկ կնստեն «հեղափոխության առաջնորդի» վրա: Այդպես, Փաշինյանը կվանի նաև իր վերջին հույսին՝ իրեն դեռ կուրորեն հավատացող «պողոսներին»…

Արմինե Սիմոնյան