Մհեր Գրիգորյանը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Կառավարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության տղեեկացմամբ, հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր:

Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: