Վրաստանում երրորդ պաշտոնյան է ինքնամեկուսացել կորոնավիրուսի պատճառով

Վրացի պաշտոնյաները մեկը մյուսի հետևից ինքնամեկուսանում են, կարանտինում գտնվող մարդկանց թիվն աճում է։ Այս մասին գրում է Sputnik-georgia.ru-ն։

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել է նախարարության ղեկավար Լևան Դավիթաշվիլին։

Դավիթաշվիլու խոսքով՝ կորոնավիրուսով վարակվել է Նոզաձեի ընտանիքի անդամը, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա ինքնամեկուսացվել է:

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից և ճեպազրույցից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ինչը հավաստում է նրա բարձր քաղաքացիական պատասխանատվությունը»,- հայտարարել է Դավիթաշվիլին:

Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն և խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան:

Մարտի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 15 մարդու օրգանիզմում: Բայց Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ երկրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվը կաճի: