Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատարան․ դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը, որը պայմանավորված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։ Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։