Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը հրավիրել է Երևան․ այցը կկայանա աշնանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 7-ին Արգենտինայի հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում և հանդիպել երկրի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

Աննա Հակոբյանն ու  Ֆաբիոլա Յանյեզը խոսել են առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։

Աննա  Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած  «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։ Տիկին Յանյեզն էլ ներկայացրել է Արգենտինայում իր ծավալած գործունեության մանրամասները։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել է Հայաստան։ Վերջինս սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ՝ այցը կկայանա աշնանը։

Արգենտինայի առաջին տիկինն էլ Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Աննա Հակոբյանը սիրով ընդունել է հրավերը։