Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջատարն է

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Վիճակագրական տվյալներից հետևում է, որ երկրում վիրուսից մահանում է յուրաքանչյուր քսաներորդ վարակակիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կիրակի Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կտրուկ ավելացել է և հասել 366-ի (7,3 հազար վարակակիրների 4,96%-ը):

Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը` 472 վարակման դեպքով, մահացել է 19 մարդ (4,03%): Մահացության թվով երրորդ տեղում է Չինաստանը (3,83%), չորրորդ տեղում` Իրանը (2,96%):

Վարակվածների բաժնային ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան, որտեղ յուրաքանչյուր 1 միլիոն բնակչի շրջանում հաստատվել է վարակման 142,1 դեպք: Երկրորդ տեղում է հայտնվել Իտալիան (121,9 մարդ), երրորդում` Իրանը (80,9), ապա՝ Չինաստանը (58,3):

Վարակվածների բաժնային ցուցանիշով եվրոպական երկրների մեծ մասը նույն մակարդակին է: Յոթերորդ տեղում է Շվեդիան (20,0), այնուհետև հաջորդում են Բելգիան (17,5), Նիդեռլանդները (15,4), Ֆրանսիան (14,3), Իսպանիան (13,1), Գերմանիան (12,3), Ավստրիան (11,8), Մեծ Բրիտանիան (4,1):

Ճապոնիայում վարակման դեպքերը մեկ միլիոն բնակչի շրջանում կազմում է 3,9, ԱՄՆ-ում` 1,4:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: