Թուրքիան սպառնացել է վերսկսել ռազմական գործողություններն Իդլիբում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է միակողմանիորեն վերսկսել ռազմական գործողությունները սիրիական Իդլիբ նահանգում, եթե Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանն իր տված «խոստումները դրժի»:

«Մեզ իրավունք ենք վերապահում ինքնուրույն և սեփական միջոցներով մաքրել այդ տարածքները»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական բանակցությունները Կրեմլում տեղի են ունեցել հինգշաբթի: Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը և վեց ժամ տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվել հրադադար հաստատել և համատեղ հերթապահություն սկսել մարտի 15-ից:

Լարվածությունն Իդլիբ նահանգում մեծացել էր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ էին բացել սիրիական կառավարական բանակի ուղղությամբ, որին ի պատասխան գրոհայինների դիրքերը ռմբակոծել էր սիրիական բանակը: Կատարվածի հետևանքով թուրք զինվորներ էին զոհվել, որոնք գտնվում էին Իդլիբում ստեղծված դիտակետերում: