Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք:
ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, 2015-2019 թթ. մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել: Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը:
Բացի դրանից, նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում:
Միևնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարը ՊՈԱԿ-ի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձևակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: