Պուտինն Էրդողանին ընդունել է թուրքերի պարտությունը խորհրդանշող արձաններով սրահում

Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:

Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների հետնամասում տեղադրված երկու արձանները, որոնք սոցցանցերում քննարկումների առիթ են դարձել:

Առաջին նկարում պատկերված փոքր բրոնզե քանդակը խորհրդանշում է 1877-1878 թթ. Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը: Քանդակի անվանումը` «Ռուս զինվորի սխրանքը Բուլղարիայում» (1877-1878 թթ.):

Մյուս նկարում Եկատերինա 2-րդ թագուհու բրոնզե արձանն է: Եկատերինա 2-րդը  ռուս-թուրքական պատերազմում (1768-1774 թթ.) Օսմանյան կայսրությանը ջախջախիչ պարտությունների էր մատնել և նրա օրոք Ղրիմը անցել էր Ռուսաստանին։

Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են թեմային, նրանցից մեկը նույնիսկ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել։  Լրատվամիջոցը «պատմական էքսկուրս» է կատարել, պարզելու համար, թե կրեմլյան բոլոր բարձր մակարդակի հանդիպումները այդ խորհրդանշական արձանների ներկայությա՞մբ են եղել, դե դա հատուկ Էրդողանի համար էր արվել։

Աղբյուրի դիտարկմամբ` դրանք եղել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում:  Ուստի կարելի է կարծել, որ արձանները դիտավորյալ չեն դրվել սրահում և Թուրքիային ուղղված հատուկ ուղերձ չեն պարունակում։