Իմ գերնպատակային ցուցահանդեսը պիտի լինի Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումում․ Վիկտոր Հովհաննիսյան (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր բեմանկարիչ, գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը։ Նկարչի հետ զրուցեցինք նրա անցած ուղու մասին։ Նրա նկարելու ձիրքը գալիս է դեռ մանկուց, կտավների մեջ գերակշիռ և ուրույն մաս է կազմում ազգայինը, Վիկտոր Հովհաննիսյանի հայրենասեր տեսակը եզակի է, նա իր կտավներով մատաղ սերնդի մեջ վեր է հանում ազգային գաղափարախոսությունը, սերը ազգայինի հանդեպ։ Գեղանկարչի խոսքով՝ իր ստեղծագործություններում առաձնահատուկ տեղ է գրավում իր պատմական հայրենիքը՝ Էրզրումը և նրա կտավների մեծ մասն այդ թեմատիկայով են։ Վիկտոր Հովհաննիսյանը ծնունդով Ախալցխայից է, սակայն բնակվում է Երևանում, և ինչպես գեղանկարիչն է նշում՝ ապրելով Երևանում միևնույն է, նա  էրզրումցու կերպարը չի կորցրել։ Կարևորելով հայերենի բարբառները՝ նկարիչը հորդորեց բարբառախոս հայերին չմոռանալ իրենց բարբառը, քանզի դա մեր ազգի հարստություններից է։ Երկար տարիներ աշխատելով հեռուստատեսությունում որպես նկարիչ ձևավորող՝ տաղավարների և հաղորդումների նկարազարդումներով, և տիրապետելով հեռուստատեսության գաղտնիքներին Վիկտոր Հովհաննիսյանը ընդգծեց, որ այժմ հեռուստատեսությունը կորցրել է իր յուրահատկությունը, չնայած դրան՝ նա դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատում է։ Գեղանկարիչը, չնայած երկար տարիներ ի վեր ստեղծագործում է, գտնում է, որ կիսատ թողած գործեր ունի, որոնցից առաջնայինը իր կարևորագույն և ինչպես ինքն է նշում՝ գերնպատակային ցուցահանդեսն է, որը պիտի ցուցադրվի իր պատմական հայրենիքում՝ Էրզրումում։

Մանրամասները՝ տեսանյութում