«Զուր հույսերով կներշնչենք մեզ, եթե ասենք, որ այս նոր տեսակի կորոնավիրուսն սեզոնային գրիպի նման ամռան ամիսներին կվերանա»․ ԱՀԿ

Քիչ հավանական է, որ մինչ ամառ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կդադարի: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, մարտի 6-ն Ժնևում կայացած ճեպազրույցում այս տեսակետն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Զուր հույսերով կներշնչենք մեզ, եթե ասենք, որ այս նոր տեսակի կորոնավիրուսն սեզոնային գրիպի նման ամռան ամիսներին կվերանա»,- ասել է Մայքլ Ռայանը՝ միաժամանակ չկորցնելով լավատեսությունը, թե իր կանխատեսումներն իրականություն չեն դառնա:

«Դա անսպասելի հաջողություն կլիներ, բայց մենք չենք շտապում նման ենթադրություններ անել, քանի որ ապացույց չկա»,- հավելել է նա:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 97 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։