«Արցախի համար Սամվել Բաբայանը և Մասիս Մայիլյանը չարիք են. Իրանի հետ մեր 100 կմ սահմանն այդ ո՞ւմ եք վստահում». Իսագուլյան

Արցախի արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է, սա 100 տոկոսանոց տեղեկություն է, որի մասին գիտեն և՛ Մայիլյանը, և՛ Բաբայանը։ Այս մասին այսօր 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նշենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակն այս տեղեկության վերաբերյալ այսօր հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Եթե Գ. Իսագուլյանը՝ ի դեմս իր հովանավորյալների, ստանձնել է պաշտոնական աղբյուրի դերը, նշանակում է՝ նախ ջանացել է կազմակերպելու Ս.Բաբայանի մուտքի սահմանափակումը, ապա ակտիվորեն շրջանառության մեջ դրել այդ մասին տեղեկությունը:

Հարցազրույցի մեջ Գ. Իսագուլյանն անդրադառնում է նաև իր և Ս. Բաբայանի պայմանավորվածությանը՝ նշելով, որ դրա խախտման արդյունքում է սահմանափակվել նրա մուտքը: Մի քանի հանդիպումների և հեռախոսային զրույցների ընթացքում նույն համառությամբ Գ. Իսագուլյանը Ս. Բաբայանին առաջարկել էր նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին՝ խոստանալով բավականին գայթակղիչ պաշտոններ»:

Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության վերաբերյալ Իսագուլյանն ասաց, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, ինքը երբեք չի խնդրել Բաբայանի հետ հանդիպում, առավելևս՝ նրա աջակցությունը Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի համար։

«Մեր հանդիպումները եղել են թվով 7-ը, տևել են երկու ամիս։ Ես, բացի այդ հանդիպումներից մեկից, մյուս բոլորին մասնակցել եմ վկաների մասնակցությամբ։ Բաբայանի կողմից են եղել հանդիպման առաջարկությունները, օրինակ, երբ Արցախում էի, նա իր մեքենաներն էր ուղարկում այն հյուրանոց, որտեղ ես մնում էի, և մենք հանդիպում էինք։ Ես որևէ բան չեմ խնդրել նրանից: Եվ այն, թե խնդրել եմ՝ աջակցի Բալասանյանին, հիմարություն է։

Հիմարություն է նաև այն, թե ես, չստանալով նրանից աջակցություն, այնպես եմ արել, որ նրա մուտքը ՌԴ արգելափակվի։

Փոխարենը՝ Բալասանյանը խնդրել է, որ ես միջամտեմ, որ իրեն գրանցեն՝ որպես թեկնածու։ Ասում էր, որ այն դատավորը, որը պետք է իր հայցը լսի, Բակո Սահակյանի բարեկամն է, և, եթե ես կարողանամ այդ հարցով Բակո Սահակյանին համոզել, հնարավոր կլինի իրեն գրանցել։ Բաբայանն ասում էր՝ հավատացե՛ք, ես միակ մարդն եմ, որը կարող է Նիկոլ Փաշինյանի դեմն առնել։ Հիմա ուզում եմ նայել Բաբայանի աչքերի մեջ ու հարցնել՝ Բաբայա՛ն, մենք ի՞նչ ենք խոսել, դու ի՞նչ ես անում, հիմա խաբե՞լ ես, թե՞ ոչ, եթե քեզ պետք է, որ վկաները խոսեն, ասա դա բաց տեքստով»,- ասաց Իսագուլյանը։

Նրա փոխանցմամբ՝ Մասիս Մայիլյանը թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում գաղտնի հանդիպումներ է ունենում Դանիել Իոաննիսյանի հետ, և «որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ով է Իոաննիսյանը»։

Ըստ Իսագուլյանի՝ այդ գաղտնի հանդիպումների մասին իմացել են մեր հարևան երկրների գաղտնի ծառայությունների աշխատակիցները, իմացել են և՛ դրանց բովանդակության, և՛ դրանցից Արցախին և Հայաստանին հասցվող բացասական հետևանքների մասին։

«Այսօր Մայիլյանի մուտքը ՌԴ արգելափակված է, նույն Մայիլյանն իմանալով այդ մասին, եթե մի կաթիլ ցավում է Արցախի համար, կհաներ իր թեկնածությունը, նույնը պետք է աներ Բաբայանը, որովհետև իրենք պերսոնա նոն գրատա են այն պետության համար, որը մեր տարածաշրջանում մեծ դերակատարում ունի։ Սամվել Բաբայանն ու Մայիլյանը վերջերս այցելել են Մոսկվա, հանդիպել այնտեղի մեծահարուստ շրջանակների հետ, փորձել են համոզել, որ իրենք ՌԴ-ի նվիրյալներն են և այդ երկրի համար որևէ խոչընդոտ չեն ստեղծի։ Հավատացե՛ք, որ Հայաստանում շատ լավ աշխատում են թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, որոնցից Մասիս Մայիլյանը չէր կարող գաղտնի պահել իր հանդիպումները։ Նաև նշեմ, բավականին լուրջ գումար է հայտնվել նրանց շտաբում, որը բերվել է Բաբայանի՝ ՌԴ-ում ունեցած ոչ ազնիվ գորրծունեության արդյունքում»,- ասաց Իսագուլյանը`վստահեցնելով, որ Դանիել Իոաննիսյանի և Մասիս Մայիլյանի գաղտնի հանդիպումներն ուղիղ կապ ունեն ՌԴ-ի կողմից սահմանված մուտքի արգելքի հետ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պնդում է՝ Արցախի արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «դարձել է սորոսական»։

«Մասիս Մայիլյանը սորոսական է, Դանիել Իոաննիսյանի կադրն է, Սամվել Բաբայանն էլ դարձավ Իոաննիսյանի կադրը։ Մասիս Մայիլյանը այսօր չարիք է Արցախի համար. նույնն է նաև Սամվել Բաբայանը,- ասաց Իսագուլյանը՝ հարց հնչեցնելով,- Որևէ մեկը քննարկե՞լ է այն տարբերակը, թե ինչ է կատարվելու մեր հարևան երկրի քաղաքականության մեջ, եթե Մասիս Մայիլյանը դառնա նախագահ։ Իրանի հետ մենք ունենք 100 կմ սահման, ի՞նչ եք կարծում, Իրանը պատրա՞ստ է այդ սահմանը դնել «Սորոսի» վերահսկողության տակ, որը շատ է ակտիվացել և պաշտպանում է Թուրքիային։ Իրանի հետ մեր 100 կմ սահմանն ո՞ւմ ենք վստահում՝ «Սորոսի՞ն», թե՞ Սամվել Բաբայանին, որը իջել և հասել է Իոաննիսյանի մակարդակին»,- ասաց Իսագուլյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում