Ստյոպա Սաֆարյանի տարածք լրագրողին հրավիրել է իր իսկ աշխատակցուհին, ուրեմն իրենք էլ սադրել են (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցի քննությունն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելուն և փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ:

Դատական առաջին իսկ նիստին Ստյոպա Սաֆարյանը փորձեց ակնհայտ ստեր խոսելով՝ մոլորեցնել դատարանին։ Մասնավորապես, Ստյոպա Սաֆարյանը առկա փաստերի դեպքում անգամ ակնհայտ սուտ խոսեց՝ ասելով, թե իբրև LIVEnews.am-ի լրագրող Թագուհի Ասլանյանն իր ղեկավարած ՄԱՀՀԻ տարածք է ներխուժել՝ անտեսելով իր աշխատակիցների՝ ինստիտուտից դուրս գալու հորդորները։

Նրա խոսքով՝ «Այս լրատվամիջոցի ներկայացուցիչը ցանկացել է սադրանք հրահրել, ինչին խոչընդոտել են ՄԱՀՀԻ-ի բոլոր աշխատակիցները․ մուտքի մոտ զգուշացրել են ներս չմտնել, որը անտեսելով՝ նա ներս է մտել քննարկումների դահլիճ այն պահին, երբ ես որպես քննարկումների վարող և ինստիտուտի ղեկավար հարցազրույց էի տալիս հրավիրված լրատվամիջոցներին և խոչընդոտել է իմ գործունեությանը՝ փորձելով սադրանք հրահրել»։

Մինչդեռ միջադեպի օրը մեր տեսագրության մեջ երևում է, որ հենց Ստյոպա Սաֆարյանի աշխատակիցներն են լրագրող Թագուհի Ասլանյանին ներս հրավիրում՝ Ստյոպա Սաֆարյանից պարզաբանում ստանալու համար։ Մտահոգություն ունենք, որ այս տեսագրությունը մեկ անգամ էլ դիտելուց հետո Սաֆարյանը դաժան հաշվեհարդար կտեսնի իր այդ աշխատակիցներից, որոնք, իր խոսքերով, ոչ միայն չեն կատարել իր հրահանգները, այլև պատճառ են դարձել, որ նա դատարանում սուտ ցուցմունք տա։

Ինչպես երևում է տեսագրության մեջ, Ստյոպա Սաֆարյանը պատրաստվելով որոշ լրատվամիջոցների մուտքն իր ղեկավարած ինստիտուտ արգելելու մասին պարզաբանում տալ մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներին, թերևս հրահանգել է իր աշխատակցուհուն՝ նաև մեր լրագրողին թույլ տալ ներս մտնել, իսկ եթե չի էլ հրահանգել, ապա նրա աշխատակցուհին է արջի ծառայություն մատուցել իր ղեկավարին։ Այն դեպքում, երբ LIVEnews.am-ի ներկայացուցիչներն արդեն իսկ պատրաստվում էինք դռան մոտ կանգնած Արա Պապյանից մի քանի պարզաբանում ստանալուց հետո լքել ինստիտուտի տարածքը։ Հիմա հարց ենք հնչեցնում՝ ո՞վ է իրականում սադրելու մտադրություն ունեցել և նման փորձ արել։

Իսկ Ստյոպա Սաֆարյանը դատարանում ինքնավստահորեն հայտարարում էր․ «Սադրանքի չտրվելու համար փորձել եմ դիմել բոլոր հնարավոր միջոցներին լրագրողին հասկացնելու, որ նա չի կարող գտնվել իմ մասնավոր տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ 168․am կայքից