Պարոն Սաֆարյան, եթե ձեր կնոջն ասեմ` ինձ հրավերներ մի ուղարկեք ոչ սաունաների, ոչ ավելի կամ պակաս հաճելի այլ վայրերի, ինքը չի՞ վիրավորվի (տեսանյութ)

Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանը (նույն ինքը` ոչ անհայտ քաղաքական գործիչը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)  հիմնադիրը և հետազոտական ծրագրերի ղեկավարը, ՀՀ հանրային խորհրդի նախագահը) այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր` Զարուհի Նախշքարյան) պատասխանողի կարգավիճակում էր: Հայցվորի (LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի) պահանջն է` պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, վիրավորանք հասցնելու համար 1 000 000 դրամի չափով փոխհատուցում վճարել:

Վերոնշյալ հայցապահանջով դատարան դիմելու առիթը կամ պատճառը Ստյոպա Սաֆարյանի վիրավորական արտահայտություններն են LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի նկատմամբ, մասնավորապես` պատասխանողի ասածը. «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան», ինչով լրագրողի` ՄԱՀՀԻ-ի գրասենյակի տարածք մտնելը համարվել է ներխուժում ու լկտի արարք:

Բացի վերը նշվածից, Ստյոպա Սաֆարյանը կին լրագրողին ասել է` «Ինձ հրավերներ մի ուղարկեք ոչ սաունաների, ոչ ձեր տարածքների, ոչ ձեր տների, դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել»: Ընդ որում, մեջբերվածն ասել է այն դեպքում, երբ Թագուհի Ասլանյանը Ստյոպա Սաֆարյանին ոչ սաունա է հրավիրել, ոչ էլ իր տուն, այլ պատասխանողի այն հայտարարությունից հետո, որ ՄԱՀՀԻ-ի գրասենյակն իր մասնավոր տարածքն է, նրան ասելով` «Համեցեք մեզ մոտ՝ մեր մասնավոր տարածք», քաղաքական գործչին, ՄԱՀՀԻ-ի հիմնադրին և հետազոտական ծրագրերի ղեկավարին համապատասխան հարցազրույցի կամ պարզաբանման համար հրավիրել է LIVEnews.am-ի խմբագրություն:

Ցանկացած լրագրող ցանկացած քաղաքական գործչի, ինստիտուտի կամ դրա ծրագրերի ղեկավարի կարող է վերոնշյալ նպատակով հրավիրել իր աշխատավայր, մեկ այլ պատշաճ վայր, նույնիսկ իր տուն, հրավերն ընդունել- չընդունելը հրավիրվողի իրավունքն է: Այս առումով ուղղակի անհեթեթություն է Ստյոպա Սաֆարյանի ասածը` «…դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել», որով ստացվում է, որ իրեն որևէ տեղ հրավիրելու համար պետք է իր կինը լինել, միայն իր կինը կարող է իրեն տեղ հրավիրել: Բնականաբար, հարց է առաջանում` բոլոր այն հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, կայքերի լրագրողները, որոնց հրավերներով և որոնց աշխատավայրերում Ստյոպա Սաֆարյանը մինչ այդ հարցազրույց է տվել, իր կանա՞յք են… Եվ նրանք, որոնց աշխատավայրերում Սաֆարյանն առաջիկայում կարող է հարցազրույց տալ, իր կանա՞յք են լինելու… Իր կանա՞յք են բոլոր այն քննարկումների կազմակերպիչները, որոնց հրավերներով Ստյոպա Սաֆարյանը մասնակցել է տարբեր քննարկումների… Այդքան կինը մի մարդու համար շա՞տ չէ, այն էլ` Ստյոպա Սաֆարյանի…

Ստյոպա Սաֆարյանի խոսքի հենց այս վերջին մասը, հենց այս շեշտադրումը` «…դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել», վկայում է, որ նա «որևէ տեղ», «ձեր տարածքներ» ասելով, դարձյալ սաունան կամ մեկ այլ ինտիմ վայր է նկատի ունեցել, քանի որ սաունա կամ այդպիսի մեկ այլ վայր, որտեղ մարդիկ ոչ թե տաբատով, վերարկուով ու վերնաշապիկով են լինում, այլ մերկ, Ստյոպա Սաֆարյանին, իրոք, կարող է հրավիրել միայն նրա կինը, նաև` սիրուհին, իհարկե, եթե ունի. ինչին խստորեն կասկածում ենք…

Սաֆարյանի խոսքի վերը մեջբերված մասը, ինչպես նաև Թագուհի Ասլանյանին ուղղված նրա բացարձակապես անհիմն պահանջը կամ զգուշացումը` «Ինձ հրավերներ մի ուղարկեք ոչ սաունաների…», վկայում են, որ Սաֆարյանն օգտագործելով լրագրողի կին լինելու հանգամանքը, այդպիսով փորձել է նրան այլոց ներկայությամբ, հրապարակայնորեն վիրավորել, ըստ էության, ներկայացնել անբարոյական, նվաստացնել, քանի որ միայն անբարոյական կինը կարող է իր ամուսինը չհանդիսացող, առավել ևս` անծանոթ տղամարդուն սաունա կամ որևէ այլ ինտիմ տեղ հրավիրել:

Հակիրճ գործի նախապատմության մասին. Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում 2019թ. հոկտեմբերի 29-ին կազմակերպվել է «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը: ՄԱՀՀԻ-ի կողմից այդ կապակցությամբ հոկտեմբերի 28-ին հրապարակվել է «ԱԶԴԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ», ինչը ոչ միայն տեղեկացում է կազմակերպվելիք քննարկման վերաբերյալ, այլև, ըստ էության, լրատվամիջոցներին ուղղված բաց հրավեր` տվյալ քննարկումը լուսաբանելու:

Նկատի ունենալով քննարկման թեմայի կարևորությունը և հասարակական մեծ հետաքրքրությունը, տեղեկանալով, որ քննարկման հիմնական բանախոսներն են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հնարավոր է, նաև` Հանրապետություն կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը, և որ քննարկմանը մասնակցությամբ հանդես են գալու նաև Հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդներ, ականատեսներ, քաղաքագետներ, ՄԱՀՀԻ-ի փորձագետներ, ինչպես նաև նկատի ունենալով, որ քննարկումն իր ձևաչափով բաց քննարկում է, Թագուհի Ասլանյանը որպես լրագրող, LIVEnews.am-ի օպերատորի հետ միասին, գնացել է տվյալ քննարկումը լուսաբանելու:

ՄԱՀՀԻ-ի գրասենյակի մուտքի մոտ, սակայն, ինչ-որ մի կին (ենթադրաբար` ՄԱՀՀԻ-ի աշխատակից) LIVEnews.am-ի հիշյալ լրագրողին ասել է, որ սա մասնավոր տարածք է, և իր (նկատի է ունեցել Ստյոպա Սաֆարյանին) իրավունքների մեջ է մտնում` ում հրավիրի, ում ոչ, ապա խնդրել է ազատել տարածքը: Եթե Ստյոպա Սաֆարյանը, չնայած այն հանգամանքին, որ Թագուհի Ասլանյանը կրել է LIVEnews.am լրատվամիրջոցի անվանաքարտը, իսկ ձեռքին էլ նույն ԶԼՄ-ի տարբերանշանով միկրոֆոնն է եղել, ինչպես պատասխանողը դատարանում ասաց, չի իմացել, որ նա LIVEnews.am-ի լրագրողն է կամ լրագրող է ընդհանրապես, ապա Թագուհի Ասլանյանը կարո՞ղ էր չիմանալ, որ նա ՄԱՀՀԻ-ի աշխատակից է, նրա ասածն արժանահավատ չհամարել ու չհարգել նրա խնդրանքը` առավել ևս, որ տվյալ կինը ոչ ներկայացել է, ոչ էլ, ի տարբերություն Թագուհի Ասլանյանի, անվանաքարտ է ունեցել: Իհարկե՛ կարող էր:

Նույնիսկ եթե մի պահ համարենք, թե Թագուհի Ասլանյանը նախապես տեղյակ է եղել, որ ՄԱՀՀԻ-ին քննարկումը լուսաբանելու համար մուտքը LIVEnews.am կայքի և մի շարք այլ լրատվամիջոցների առջև փակ է համարել, իրավունք ունե՞ր քննարկմանը ներկա լինելու փորձ կատարելու` հուսալով, որ Ստյոպա Սաֆարյանը կարող է վերջին պահին հասկանալ իր թույլ տված սխալը և մտափոխվել: Այո՛, ուներ` նկատի ունենալով քննարկման հասարակական հետաքրքրությունն ու կարևորությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, ըստ որի, «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է» (ընդգծումը` մերը):

Ավելին. իրավունք ուներ` նկատի ունենալով նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը («Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները»), ըստ որի, «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» (ընդգծումները` մերը):

Ստյոպա Սաֆարյանը, ցավոք, անտեսել է ինչպես Սահմանադրության 29-րդ հոդվածը, այնպես էլ հիշյալ օրենքի 4-րդ հոդվածը:

Քննարկմանը ներկա լինելու և լուսաբանելու արգելքից հետո լրագրողն իրավունք ունե՞ր մոտենալ Ստյոպա Սաֆարյանին` նշված արգելքի նպատակն ու պատճառը պարզելու, համապատասխան պարզաբանում ստանալու համար; Իհարկե՛ ուներ, և այս առումով էլ լրագրողը որևէ խախտում թույլ չի տվել, սակայն Սաֆարյանի կողմից արժանացել է վիրավորանքի, ընդ որում, անհիմն, անարդարացի կերպով:

Ընդգծենք, որ դատական ամբողջ նիստի ընթացքում ինչպես Ստյոպա Սաֆարյանը, այնպես էլ նրա ներկայացուցիչը որևէ կերպ չհիմնավորեցին, որ Թագուհի Ասլանյանը ներխուժել է ՄԱՀՀԻ-ի գրասենյակի տարածք, ոչ փակ դուռ է բացել, ոչ պատուհանից է մտել, ոչ ֆիզիկական ուժ է գործադրել իրեն ներս մտնել չթույլատրող ինչ-որ մեկի նկատմամբ, ոչ էլ որևէ մեկը ֆիզիկապես փորձել է նրան թույլ չտալ ներս մտնել, նույնիսկ ներս չմտնելու պահանջ չի եղել, եղել է ընդամենը տարածքն ազատելու խնդրանք չներկայացած ինչ-որ անձի կողմից:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 31-ին, ժամը 14:00-ին

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը` 168.am