Պայմանավորվածությունն աշխատել է․ Սիրիայում գիշերը հանգիստ է եղել

Սիրիայի Սարաքեբ քաղաքի շրջանում իրավիճակը հանգիստ է, կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ է մտել կեսգիշերին․ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Նշվում է, որ ահաբեկիչների կողմից վերջին հրետակոծությունը տեղի է ունեցել ռուս-թուրքական պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելուց մեկ ժամ առաջ:

Զինյալները փորձել են շարքից հանել կառավարական ուժերը M5 մայրուղուց (Դամասկոս-Հալեպ) և շրջանցիկ ճանապարհից, ինչի պատճառով ոչնչացվել է առնվազն հինգ մեքենա:

Նշենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ դեմ առ դեմ 2,5 ժամ տևած հանդիպումը շարունակվել է ընդլայնված՝ պատվիրակությունների հանդիպման ձևաչափով։ Նախագահներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

«Ճգնաժամային իրավիճակներում ձեռք բերվող համաձայնություններին ապավինելով՝ միշտ կարողացել ենք հաջողել հաշտության հասնելու գործը։ Կարողացել ենք լուծումներ գտնել։ Այսօր էլ այդպես եղավ»,- ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

«Նախ ամենակարճ ժամկետներում հրադադար ենք հաստատելու։ Այնուհետև անհապաղ ձեռնամուխ ենք լինելու անել այն ամենը, ինչը որոշել ենք միասին»,- հետևել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը։

Պուտինը նշել է, որ թուրքական կողմի հետ համաձայնության են եկել մի փաստաթղթի շուրջ, որը կօգնի հրադադարի ռեժիմ հաստատել Իդլիբում։

Էրդողանն էլ հավելել է, որ այս գիշեր ժամը 00։01-ից ուժի մեջ է մտնելու հրադադարի ռեժիմը։

Կողմերը պայմանավորվել են ձևավորել անվտանգության միջանցք, որը կձգվի M4 մայրուղուց 6 կմ հարավ և 6 կմ հյուսիս։ Վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը դեռ ենթակա են հստակեցման Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների կողմից 7 օրվա ընթացքում։

Մարտի 15-ից սկսած՝ Ռուսաստանը և Թուրքիան պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա — Այն ալ-Հավր հատվածում։