Ծաղկաձորից զբոսաշրջիկի հեռանալը մասնավոր դեպք է (տեսանյութ)

Այն ինֆորմացիան, որ Ծաղկաձորում հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ վիճա՞կ է այնտեղ հիմա, քանի որ տեղեկությունների համաձայն, կարանտի մեջ գտնվող անձանց տեղափոխումը  Ծաղկաձոր, դժգոհություններ է առաջացրել, զբոսաշրջիկները լքել են Ծաղկաձորը, հյուրանոցները դատարկ են։ «Երբ այդ  ինֆորմացիան տարածվեց, որ մեր քաղաքացիները տեղափոխվել են Ծաղկաձոր, և այնտեղ որոշակի գործողություններ են կատարվում, դրանից հետո որոշակի խուճապային տրամադրություններ կային։ Ինչի պատճառով իշխանության ներկայացուցիչները՝ առողջապահության նախարարը, Կոտայքի մարզպետը և ես՝ որպես այդ տարածաշրջանից ընտրված պատգամավոր, եղանք այնտեղ, հանդիպեցինք բնակչության հետ, զրույցներ ունեցանք, բնակչությունը շատ ըմբռնումով մոտեցավ և իր սատարումը հայտնեց մեր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ծաղկաձորում»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ խուճապ այս պահին չկա, և այն ինֆորմացիան, որ այնտեղ հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Հարցին, թե Ծաղկաձորն արդյո՞ք լավագույն տարբերակն էր, Հակոբյանը պատասխանեց․«Այդ շենքն ընտրվել է այն պատճառով, որ գրեթե միակ պետական օբյեկտն է, որն ուներ համապատասախան հնարավորություններ և տեղակայված էր բնակչությունից հարմար հեռավորության վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում